ուրբաթ, 20 հուլիսի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Սերժ Սմեսովին:
Երկուստեք մեծ գոհունակությամբ խոսելով հայ-ֆրանսիական բարձր մակարդակի հարաբերությունների շարունակականության մասին, ՀՀ վարչապետը և Ֆրանսիայի դեսպանը մինչ այժմ իրականացված երկկողմ տարբեր միջոցառումների շարքում ընդգծել են Ֆրանսիայում Հայաստանի տարվա անցկացման կարևորությունը, որը, ըստ նրանց, առանձնահատուկ բնույթ է հաղորդում հայ-ֆրանսիական հարաբերություններին և, ըստ էության, բացառիկ հնարավորություն է Ֆրանսիայում պատշաճորեն ներկայացնելու Հայաստանն իր դարավոր պատմությամբ, մշակույթով, ապագային միտված ծրագրերով:
Դեսպան Սմեսովը, կարևորելով նաև երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունները և խոսելով օրերս ՀՀ նախագահի Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի կարևորության մասին, նշել է, թե այժմ Փարիզում նախապատրաստում են ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի այցը:
Հանդիպման ժամանակ քննարկվել են մի շարք բնագավառներում համագործակցության զարգացմանն ուղղված ծրագրեր: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև միջազգային քաղաքականության ասպարեզում տեղի ունեցող զարգացումների, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ: