ուրբաթ, 20 հուլիսի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար, Հայ-իրանական կապերի համակարգման միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մանուչեհր Մոթթաքիին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման սկզբում պարոն Մոթթաքին ՀՀ վարչապետին է փոխանցել Իրանի առաջին փոխնախագահ Փարվիզ Դաուդիի ողջույնները և Իրանի Իսլամական Հանրապետություն վարչապետի այցի հրավերի վերահաստատումը: Արտգործնախարարը հույս է հայտնել, որ վարչապետը կընդունի հրավերը, ու մինչև տարեվերջ իր երկրում կհյուրընկալեն ՀՀ ԱԺ նախագահին և ՀՀ վարչապետին: Սերժ Սարգսյանը շնորհակալությամբ ընդունել է հրավերը` հայ-իրանական կապերի հետագա առավել ամրապնդման տեսանկյունից կարևորելով երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունները:
Վարչապետը շնորհավորել է Հայ-իրանական կապերի համակարգման միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստի կայացման կապակցությամբ` իրանական կողմից հանձնաժողովի նախագահի պաշտոնում արտաքին գործերի նախարարին նշանակելու հանգամանքը դիտարկելով հանձնաժողովի աշխատանքն առավել արդյունավետ դարձնելուն և հայ-իրանական կապերն ավելի ամրապնդելուն ուղղված քայլ: Ակտիվ աշխատելու դեպքում, ըստ վարչապետի, միջկառավարական հանձնաժողովը զգալի դերակատարություն կարող է ունենալ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների աճի, մի շարք ոլորտներում հեռանկարային և փոխշահավետ ծրագրերի իրականացման, առհասարակ` Հայաստանի և Իրանի նախագահների միջև ձեռքբերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու գործում:
Մանուչեհր Մոթթաքին նշել է, թե երկկողմ հարաբերությունների զարգացմանը մեծապես նպաստում է ենթակառուցվածքային ծրագրերի իրագործումը, և այդ առումով օրինակելի է համարել էներգետիկայի ոլորտում համագործակցությունը: Նա ևս չափազանց կարևորել է ապրանքաշրջանառության ծավալների մեծացումը, նշելով, որ այսօր Իրանը աշխարհի տարբեր երկրների հետ ունի ավելի քան 100 մլրդ դոլարի ապրանքաշրջանառություն և ներմուծում է շուրջ 40 մլրդ դոլարի ապրանք. «Արտաքին առևտրի ոլորտում Հայաստանից Իրան ներմուծման ծավալների մեծացումը մենք համարում ենք Իրանի համար առաջնահերթություն»,- ասել է Իրանի արտաքին գործերի նախարարը, հավելելով, որ չօգտագործված ներուժ և հնարավորություններ շատ կան: Ըստ նրա, Հայաստանը կարող է նաև դառնալ դեպի Իրան վերաարտահանող երկիր, նշելով, որ Արաբական Էմիրություններից Իրան միայն 2006թ. արտահանվել է այլ երկրների ավելի քան 11 մլրդ դոլար արժողության ապրանք:
Նա կարևորել է առաջիկայում երկու երկրների միջև առևտրի ռեժիմի վերաբերյալ համաձայնագրի կնքումը, որը միջկառավարական հանձնաժողովի նիստում ևս քննարկման թեմա է դարձել և հանձնարարվել է շատ որոշակի ժամկետում` երկու ամսվա ընթացքում, փաստաթուղթը նախապատրաստել ստորագրման: Մանուչեհր Մոթթաքին խոսել է նաև բանկային համակարգում համագործակցության հեռանկարայնության, տրանսպորտի բնագավառում փոխշահավետ ծրագրերի իրականացման մասին, վերջինիս հետ կապված ընդգծելով, որ Իրանը Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքում Հայաստանին մեծ դերակատարում է վերապահում:
Հանդիպման ընթացքում Իրանի արտաքին գործերի նախարար, Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նախագահ Մանուչեհր Մոթթաքին ՀՀ վարչապետին տեղեկացրել է նաև Իրանի միջուկային էներգետիկայի ծրագրի հետ կապված բանակցությունների ընթացքի մասին, շեշտելով, որ իր երկիրը կողմնակից է բանակցությունների միջոցով ցանկացած խնդրի կարգավորմանը:
ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ևս, Իրանի դիրքորոշումը, արտգործնախարարի հավաստմամբ, նույնն է, և այդ մոտեցումից ելնելով` Իրանը պատրաստ է, հարկ եղած դեպքում, օժանդակություն ցուցաբերել բանակցային գործընթացին:
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, կարևորելով տարածաշրջանում հնարավորինս արագ կայունության և խաղաղության հաստատումը, նշել է, թե Հայաստանը մշտապես ընդգծել է և բարձր է գնահատել հավասարակշռված դիրքորոշում որդեգրած Իրանի դերակատարումը տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովման գործում. «Տնտեսական զարգացումը վտանգներով լի տարածաշրջանում չի կարող համադրելի լինել կայուն և անվտանգ տարածաշրջանի տնտեսական զարգացման հետ»,- ասել է վարչապետը, ընդգծելով, որ Հայաստանի մոտեցումը ևս խնդիրը խաղաղ ճանապարհով բանակցությունների և փոխզիջման միջոցով լուծելն է: