չորեքշաբթի, 12 դեկտեմբերի 2001
Այսօր ՀՀ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը նախ շնորհավորեց տիկին Բուրջանաձեին այդ բարձր և պատասխանատու պաշտոնում ընտրվելու առթիվ և շնորհակալություն հայտնեց առաջին պաշտոնական այցը Հայաստան կատարելու համար: Անդրանիկ Մարգարյանը հույս հայտնեց, որ բարդ իրավիճակում գտնվող և բազմաթիվ խնդիրներ ունեցող մեր տարածաշրջանում Վրաստանի խորհրդարանի նորընտիր նախագահը իր կայունացնող դերը կունենա:
Տիկին Բուրջանաձեն վստահեցրեց, որ իր երկրի խորհրդարանը գիտակցում է բազմաթիվ ընդհանրություններ ունեցող հարևան երկու քրիստոնյա ժողովուրդների դարավոր բարեկամության պահպանման, և որ կարևոր է, դրանք որոշակի գործերով արտահայտելու անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ քաղաքական և տնտեսական մի շարք հարցերի՝ Վրաստանի կողմից սահմանված երկաթուղային բարձր սակագներին, ավտոճանապարհների վերանորոգմանը, երկաթգծի գործարկմանը, տարածաշրջանային ընդհանուր ծրագրերին ակտիվ մասնակցությանը և այլն: Վրացական կողմը ընդունեց հայկական պատվիրակության մտահոգությունը՝ Վրաստանի տարածքում ավտոտեսուչների, իսկ հայ-վրացական սահմանագծին ինչ-որ անձանց կողմից Հայաստան բեռնափոխադրումների ժամանակ հարուցվող արհեստական խոչընդոտների և ապօրինությունների բազմաթիվ դեպքերի հետ կապված: Վրաստանի խորհրդարանի նախագահը խոստացավ վերադառնալուն պես բարձրացված բոլոր հարցերը ներկայացնել իր երկրում և փորձել պատասխանատու պաշտոնյաների միջոցով հասնել դրանց լուծմանը:
Նինո Բուրջանաձեն վստահեցրեց նաև, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ Վրաստանի ջերմացող հարաբերությունները իր երկրի կողմից կօգտագործվեն միայն այդ պետությունների հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորման նպատակով, և Վրաստանը այդ համագործակցությամբ երբևէ Հայաստանի շահերը վնասող որևէ քայլ չի անի: Վրաստանի խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն հայտնեց Ջավախքին ցուցաբերվող աջակցության, Հայաստանին ունեցած Վրաստանի պետական պարտքի մարման հարցում իր երկրին ընդառաջ գնալու համար:
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվեց Հայաստանի և Վրաստանի նախագահների միջև ձեռքբերված պայմանավորվածությունների, ստորագրված պայմանագրի կետերի իրագործման հարցում հետևողական մոտեցումը: