երեքշաբթի, 24 հուլիսի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Իգոր Ֆինոգենովի հետ: Քննարկվել են Հայաստանում բանկի գործունեության ծավալման հետ կապված հարցեր: Վարչապետը ողջունել է մեր երկրում փոխշահավետ և հեռանկարային ծրագրեր իրագործելու Եվրասիական զարգացման բանկի ցանկությունը:
Իգոր Ֆինոգենովը վարչապետին ներկայացրել է արդեն կայացած և ԱՊՀ անդամ մի շարք երկրներում ներդրումային ծրագրեր իրականացնող Եվրասիական զարգացման բանկի նպատակը և շուրջ մեկամյա գործունեության արդյունքները: Ընդգծելով, որ բանկը նպատակ ունի նպաստել Համագործակցության անդամ պետությունների տնտեսական զարգացմանն ու դրա արդյունքում նաև սոցիալական խնդիրների լուծմանը, ազգային բանկային համակարգի ամրապնդմանը և ժամանակակից ենթակառուցվածքների ստեղծմանը` տրանսպորտի, էներգետիկայի ու մի շարք այլ ոլորտներում, բանկի վարչության նախագահը ՀՀ վարչապետից հետաքրքրվել է Հայաստանի տնտեսության առաջնահերթությունների և հեռանկարային ոլորտների մասին, որը կարող է համագործակցության հիմք դառնալ:
Վարչապետ Սերժ Սարգսյանը, բացի տրանսպորտի, էներգետիկայի ոլորտներից, նշել է նաև լեռնարդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, աջակցությունը պետություն-մասնավոր հատված համագործակցության զարգացմանը և համաձայնել է շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների ու բանկի ներկայացուցիչներից կազմված աշխատանքային համատեղ խումբ ձևավորելու առաջարկին, որը համագործակցության այս և այլ հնարավորությունները ավելի հանգամանորեն կքննարկի ու գործնական առաջարկություններ կներկայացնի:
Վարչապետը նշել է, որ Հայաստանը խոշոր բանկերի հետ համագործակցության որոշակի փորձ ունի, և ՀՀ կառավարությունում պատրաստակամ են Եվրասիական զարգացման բանկի հետ ևս զարգացնելու փոխգործակցություն: