ուրբաթ, 14 դեկտեմբերի 2001
Այսօր ՀՀ կառավարությունում տեղի ունեցավ բաշխիչ ցանցերի մասնավորեցման՝ կառավարություն-նվիրատուներ խորհրդակցական մարմնի երրորդ հանդիպումը, որին մասնակցեց ՀՀ վարչապետ, մրցութային հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Մարգարյանը: Նշելով, որ վերջին հանդիպումից հետո գործընթացում որոշակի զարգացումներ են եղել, որոնց կառավարությունն արձագանքել է, վարչապետը նվիրատուներին, մասնավորապես, ներկայացրեց կառավարության երեկվա նիստում էներգետիկ համակարգի վերաբերյալ ընդունված որոշումները: Փաստելով ԲԷՑ-երի մրցույթի չկայացումը, Անդրանիկ Մարգարյանը միաժամանակ ընդգծեց, որ կառավարությունը մտահոգված լինելով ծանր վիճակում գտնվող համակարգի շուտափույթ բարելավմամբ, պատրաստ է շարունակելու գործընթացը, արդյունավետ ելքեր փնտրելու, որոնցից մեկը, ըստ նրա, կարող է լինել ցանցերը որոշակի ժամկետով հավատարմագրային կառավարման հանձնելու տարբերակը: Վարչապետը նշեց նաև, որ Հայաստանի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների վիճակի բարելավման խնդիրը երկրի էներգետիկ բնագավառի բարեփոխումների ծրագրի մի մասն է միայն, որը համակարգի կարևորագույն օղակներից է. «Անհրաժեշտ է կարճ ժամկետում արագ կողմնորոշվել հետագա անելիքների հարցում, մանրամասն քննարկելով և վերլուծելով բոլոր սկզբունքային խնդիրները, այդ թվում՝ կառավարչի ներգրավման, նրա պարտավորությունների, հոգաբարձուների խորհրդի կազմավորման, ֆինանսական միջոցների անհրաժեշտ քանակների, դրանց ներդրման ժամկետների հետ կապված և այլն», - ընդգծեց վարչապետը՝ նվիրատուների հետ քննարկումների արդյունքում ակնկալելով նրանց գործուն աջակցությունը:
Հանդիպման ընթացքում ՀԲ-ի Երևանի գրասենյակի ղեկավար Օուեյս Սաադաթը նշեց, որ ՀԲ-ին գոհացնում են մասնավորեցման գործընթացի հետ կապված կառավարության ձեռնարկած քայլերը, ժամանակին և ամբողջությամբ ստանձնած պարտավորությունների կատարումը, գործընթացն առաջ տանելուն ուղղված ջանքերը: Ըստ նրա, սա վկայում է, որ մասնավորեցման մրցույթի չկայացումը հիմնականում պայմանավորված է դրսի գործոններով: Բանկի ներկայացուցիչը խոսեց էներգետիկ համակարգի բարեփոխումների, հուսալիության բարձրացման անհրաժեշտության մասին: Պարոն Սաադաթի հավաստմամբ, ՀԲ-ը պատրաստ է ֆինանսական և տեխնիկական օժանդակություն տրամադրել Հայաստանին, այդ թվում՝ օգնել փորձառու կառավարչի ներգրավման հարցում: Նա նշեց, որ բանկն իր ջանքերը կուղղի կառուցվածքային բարեփոխումների SAC-4 վարկի «լողացող» կոչվող չափաբաժնի վերաձևակերպմանը, փորձելով այն չկապել մրցույթի ուղղակի արդյունքների հետ, այլ՝ այն ծրագրերի, քայլերի, որոնց կառավարությունը պատրաստ է գնալու՝ համակարգում բարելավում կատարելու վճռականությամբ:
Նվիրատուների հետ խորհրդակցական հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կարևորեց ԲԷՑ-երի ֆինանսական հոսքերի թափանցիկության ապահովումը, որը, ըստ նրա, անհրաժեշտ է, և կառվարությանը, և հասարակությանը, հետագայում նաև օպերատորին:
Առաջադրված հիմնախնդիրների քննարկման ընթացքում հանդիպման մասնակիցներն իրենց տեսակետներն արտահայտեցին բաշխիչ ցանցերի կառավարման պայմանագրի ձևակերպման, կառավարչի թեկնածուների նախաորակավորման չափանիշների ճշտման, բաշխիչ ցանցերի կառավարչի իրավասությունների և պարտավորությունների հստակեցման, միջազգային նվիրատուների կողմից ֆինանսական աջակցության, նախատեսված միջոցառումների իրականացման ժամանակացույցի և այլ խնդիրների վերաբերյալ:
Արձանագրվեց, որ բաշխիչ ցանցերի կառավարման տարբերակին անցման հետ կապված միջոցառումների ամբողջական ծրագիրը ՀՀ կառավարությունը միջազգային նվիրատուներին կներկայացնի 2002 թ. փետրվարի վերջին:
Phone: 52-87-12
E-mail: press@arminco.com