չորեքշաբթի, 1 օգոստոսի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ պատվավոր հյուպատոս, Քրոնիմեթ ընկերության (CRONIMET GRUPPE) հիմնադիր և նախագահ Գյունթեր Պիլարսկու գլխավորած պատվիրակության հետ:
Ողջունելով և բարձր գնահատելով Հայաստանում գերմանական ամենախոշոր ներդրողի` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 70 տոկոսի սեփականատեր Քրոնիմեթ ընկերության գործունեությունը մեր երկրում, որի շնորհիվ Գերմանիան Հայաստանում դարձել է խոշորագույն ներդրողներից մեկը, վարչապետը ՀՀ կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել խորացնել համագործակցությունը համաշխարհային շուկայում մետաղագործական արդյունաբերության մեջ անմշակ հումքի վերամշակմամբ զբաղվող առաջատար այդ ընկերության հետ: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունն իր առաջիկա հինգ տարիների ծրագրում հանքարդյունաբերության ոլորտը դիտարկել է զարգացման առաջնահերթություններից մեկը, և արտահանման լուրջ հեռանկար ունեցող այդ ոլորտի զարգացման նպատակով հնարավորինս խրախուսելու է պետություն-մասնավոր հատված համագործակցությունը: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ՀՀ կառավարության փոխգործակցությունը, ըստ վարչապետի, կարող է դառնալ շատ լավ օրինակ:
ԳԴՀ-ում ՀՀ պատվավոր հյուպատոս Գյունթեր Պիլարսկին տեղեկացրել է, որ իր այցը Հայաստան նպատակ ունի խորացնել համագործակցությունը և ուրախ է ՀՀ կառավարության ղեկավարի կողմից լսել նույնպիսի պատրաստակամության և ցանկության մասին: Նա վարչապետին ներկայացրել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ կապված զարգացման առաջիկա ծրագրերը, որոնցից մեկն էլ, ըստ պարոն Պիլարսկու, պղնձի խտանյութը տեղում վերամշակելու ծրագիրն է, ինչը բավականին օգտակար կարող է լինել Հայաստանի համար: Նշելով, որ վերջին տարիներին համաշխարհային շուկայում բավականին բարձրացել է մետաղի գինը` Գյունթեր Պիլարսկին ասել է, թե դա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին ևս լրացուցիչ ներդրումների լավ հնարավորություններ է ընձեռում:
Ի պատասխան վարչապետի հարցին, թե արդյո՞ք կոմբինատի հզորությունների մեծացումը բնապահպանական առումով խնդիրներ չի հարուցի, պարոն Պիլարսկին վստահեցրել է, որ ամբողջ աշխատանքն իրականացվելու է փակ ցիկլով, և մտահոգության որևէ հիմք չկա:
ՀՀ վարչապետի և գերմանական պատվիրակության հանդիպման ժամանակ քննարկվել են նաև այլ ոլորտներում հեռանկարային համագործակցության հետ կապված հարցեր: Երկուստեք կարևորվել է ապահովագրական շուկայի զարգացումը մեր երկրում և այդ նպատակով խոշոր բանկերի ու ապահովագրական ընկերությունների մուտքը հայկական շուկա: Անդրադարձ է արվել նաև տրանսպորտի ոլորտում փոխգործակցությանը, որի ուղղությամբ արդեն բանակցություններ են ընթանում Երևանի քաղաքապետարանի ու շահագրգիռ նախարարությունների հետ: Գյունթեր Պիլարսկին ներկայացրել է «Էլեկտրոն» գործարանի հետ կապված իրենց ծրագրերը ևս, որոնք, ըստ նրա, նույնպես բավականին շահավետ են:
Հանդիպման ընթացքում նշվել է, որ ս.թ. աշնանը գերմանական կողմը նպատակ ունի հայկական բարձրաստիճան պատվիրակության մասնակցությամբ կազմակերպել «Հայաստանի տնտեսության օրեր Գերմանիայում» խորագրով միջոցառում, որը լրացուցիչ խթան կհանդիսանա տնտեսական հարաբերությունների զարգացման համար:
ՀՀ վարչապետ և ԳԴՀ-ում ՀՀ պատվավոր հյուպատոսը կարևորել են նաև Հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, որի հերթական նիստը նախատեսված է առաջիկա սեպտեմբերին: