հինգշաբթի, 20 դեկտեմբերի 2001
Այսօր ՀՀ վարչապետ, ԶՀԳ խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանի մոտ, Զարգացման հայկական գործակալության խորհրդի անդամների մասնակցությամբ տեղի ունեցավ Համաշխարհային բանկի «Օտարերկրյա ներդրումների և արտահանման աջակցության ծրագրի» ներկայացումը, որի կատարող է ընտրվել Զարգացման հայկական գործակալությունը: ՀԲ-ի հայաստանյան ներկայացուցիչ Օուեյս Սաադաթի խոսքերով, ծրագիրը կատարողի ընտրությունը պատահական չէ, այլ պայմանավորված է վերջին շրջանում ԶՀԳ-ի ակտիվ և արդյունավետ գործունեությամբ: Ըստ ՀԲ ներկայացուցչի, ծրագիրը կարևոր է ոչ միայն հայաստանի, այլև Համաշխարհային բանկի համար, որի նմանատիպ ծրագրերը ԱՊՀ և աշխարհի մի շարք այլ երկրներում զգալի հաջողություններ են ունեցել:
Ծրագիրը ներկայացնողները նշեցին, որ այն բխում է Հայաստանի կառավարության մշակած աղքատության նվազեցման ռազմավարական ծրագրին օժանդակելու, գործարար միջավայրի բարելավման, Հայաստանում օտարերկրյա ներդրումների խթանման ու արտահանման խրախուսման, պոտենցիալ ներդրողների մոտ Հայաստանի մասին պատկերացումների հարստացման նպատակներից և իրականացվելու է երեք տարվա ընթացքում: Կարևորվեց նաև ծրագրի համաֆինանսավորման տարբերակը, որով նախատեսված 1.3 մլն ԱՄՆ դոլարի 1 միլիոնը տրամադրելու է ՀԲ-ն, իսկ մնացած մասը՝ միջազգային այլ դոնոր կազմակերպությունները:
Ծրագրի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կարևորեց կատարման հստակ մեխանիզմների մշակումը, ինչը հնարավորություն կտա ՀՀ կառավարության, ՀԲ-ի, միջազգային այլ ներդրողների համագործակցված աշխատանքով՝ ծրագրի ավարտին իրատեսական արդյունքներ ակնկալել:
Phone: 52-87-12
E-mail: press@arminco.com