հինգշաբթի, 9 օգոստոսի 2007
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը:
«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը 2007թ. իր պահուստային ֆոնդի հաշվին մինչև 300 մլն դրամ է հատկացրել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը` ՀՀ մի շարք մարզերի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների ուղղությամբ տարվող աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելու նպատակով: Հանձնարարվել է ՀՀ քաղաքաշինության նախարարին` ՀՀ տարածքային կառավարման և ֆինանսների և էկոնոմիկայի նախարարների հետ համաձայնեցված, հաստատել որոշմամբ նշված գումարի բաշխումը` ըստ առանձին օբյեկտների:
«ՀՀ 2007թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի «Սողանքային գոտիներում գտնվող բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրների լուծման» ծախսային ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով, կառավարությունը որոշել է նշված ծրագրով նախատեսված 215 մլն դրամ հատկացումներից ուղղել` 4 մլն 500 հազար դրամը` ՀՀ Վայոց Ձորի մարզի Մարտիրոս գյուղի տարածքի նախնական տեղազննության ու բնակելի տների տեխնիկական վիճակի հետազննության աշխատանքների կատարմանը, 210մլն 500 հազար դրամը` ՀՀ Կոտայքի մարզի Ողջաբերդ, Սյունիքի մարզի` Քարահունջ և Վայոց Ձորի մարզի Մարտիրոս գյուղերի սողանքային գոտիներում գտնվող բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրների կարգավորմանն ուղղված միջոցառումների իրականացմանը: Որոշմամբ նախատեսվում է ՀՀ Կոտայքի մարզի Ողջաբերդ և ՀՀ Սյունիքի մարզի Քարահունջ գյուղերի սողանքային գոտիներում բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրները լուծել շուկայից բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու համար վկայագրի միջոցով աջակցության տրամադրմամբ` համաձայն համապատասխան համայնքների ղեկավարների կողմից հաստատված ցուցակների, իսկ Վայոց Ձորի մարզի Մարտիրոս գյուղի սողանքային գոտիներում գտնվող բնակելի տների բնակիչներինը` ուղղակի ֆինանսավորման անհատական բնակարանային շինարարության իրականացմամբ: Սահմանվել են նաև վկայագրի միջոցով շուկայից բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու համար տրամադրվող անհատույց պետական ֆինանսական աջակցության սահմանային չափի որոշման և ուղղակի ֆինանսավորման միջոցով անհատական բնակարանային շինարարության իրականացման սկզբունքները: Հանձնարարվել է ՀՀ քաղաքաշինության նախարարին` որոշման համաձայն վկայագրի միջոցով շուկայից բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու համար աջակցություն ստանալու հավակնող անձանց վկայագրերի տրամադրման գործընթացն ավարտել 2007թ. օգոստոսի 30-ին, ինչպես նաև մեկամսյա ժամկետում ապահովել որոշմամբ նախատեսված աշխատանքների կատարումը և դրանց ավարտից հետո ՀՀ կառավարությանը ներկայացնել առաջարկություն Վայոց Ձորի մարզի Մարտիրոս գյուղի վարչական սահմաններում համալիր ինժեներաերկրաբանական հետազննության աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների վերաբերյալ:
Մեկ այլ որոշմամբ գործադիրը սահմանել է ռազմական դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքներից կամ դրանց հետևանքների վերացման գործողություններից տուժած ֆիզիկական անձանց կրած նյութական վնասները փոխհատուցելու և նրանց օգնություն տրամադրելու կարգը:
Նիստում կառավարությունը հանձնարարել է ՀՀ նախարարներին, ՀՀ կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարներին, այլ պետական մարմինների ղեկավարներին, Երևանի քաղաքապետին, ՀՀ մարզպետներին, ինչպես նաև առաջարկել է ՀՀ համայնքների ղեկավարներին` ի գիտություն ընդունել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության` ՀՀ պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2007թ. առաջին կիսամյակի արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը: Զեկուցվել է, որ հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի գնահատման և ֆինանսական վերահսկողության վարչությունն իրականացրել է ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի նպատակային օգտագործման, արտաբյուջետային միջոցների գոյացման ու տնօրինման վերաբերյալ ՀՀ օրենսդրության պահանջների կատարման ստուգումներ, ինչպես նաև ներքին աուդիտի գործառույթների իրականացման ու ներկայացված հաշվետվությունների գնահատում և վերահսկում: Ստուգումներն իրականացվել են ինչպես ՀՀ վարչապետի 2007թ. փետրվարի 3-ի N 82-Ա որոշմամբ հատատված ՀՀ պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2007թ. ծրագրով, այնպես էլ ծրագրից դուրս` ՀՀ վարչապետի, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հանձնարարականների, ինչպես նաև իրավապահ մարմինների միջնորդությունների հիման վրա: Որոշմամբ ՀՀ նախարարներին, պետական կառավարման և այլ պետական մարմինների ղեկավարներին, Երևանի քաղաքապետին, ՀՀ մարզպետներին հանձնարարվել և ՀՀ համայնքների ղեկավարներին առաջարկվել է նաև միջոցներ ձեռնարկել հաշվետվության մեջ արձանագրված խախտումներն ու թերությունները վերացնելու և հետագայում բացառելու համար` այդ մասին սահմանված կարգով իրազեկելով ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:
Կառավարությունը հավանություն է տվել «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Նախագծով առաջարկվում է սահմանել առանց լիցենզառուի համաձայնության լիազոր մարմնի կողմից ընդերքի տեղամասին վերաբերող տեղեկատվությունը հարկային մարմիններին տրամադրելու հնարավորությունը:
Այլ որոշումներով գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2001թ. օգոստոսի 7-ի N 720 և 2003թ. մարտի 20-ի N 502-Ն որոշումներում, որոնք պայմանավորված են ՀՀ կառավարության նշված որոշումներով հաստատված հավելվածներում մի շարք ապրանքների ծածկագրեր և նկարագրեր ՀՀ մաքսային օրենսգրքի 102-րդ հոդվածի նոր խմբագրությանը (2007թ. փետրվարի 26-ի «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N ՀՕ-125-Ն ՀՀ օրենք), ինչպես նաև 2007թ. հունվարի 1-ից գործողության մեջ մտած արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերին և ապրանքների նկարագրերին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:
Կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և Իսրայելի Պետության կառավարության միջև մաքսային հարցերում համագործակցության վերաբերյալ» համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Մեկ այլ որոշմամբ գործադիրը հավանություն է տվել նաև «Ջրօգտագործողների ընկերություններին հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով արտոնություններ տալու մասին» ՀՀ օրենքի նախագծին, ըստ որի առաջարկվում է այդ ընկերություններին ազատել մինչև 2007թ. հունվարի 1-ի դրությամբ իրականացրած ֆինանսատնտեսական գործունեության արդյունքներով շահութահարկի գծով ապառքների, ինչպես նաև օրենքի ընդունման պահի դրությամբ շահութահարկի, ավելացված արժեքի հարկի, եկամտահարկի և սոցիալական ապահովագրության վճարների գծով հաշվարկված և չվճարված տույժերից ու տուգանքներից: Օրինագծի ընդունումը հնարավորություն կտա աջակցել և նպաստել ջրօգտագործողների ընկերությունների կայացմանը, դրանց գործունեության խթանմանը: Երեք օր ժամկետ է տրվել արված առաջարկությունները հաշվի առնելով նախագիծը լրամշակելու համար:
Հաշվի առնելով Հայ-գերմանական ֆինանսական համագործակցության շրջանակներում «Լոռու (Վանաձոր) մարզի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնում» ներդրումային ծրագրով իրականացվող «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կողմից սպասարկվող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման աշխատանքների կատարման ընթացքում առաջացած անհրաժեշտությունը, ՀՀ կառավարությունը որոշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ին («Գուգարք» անտառտնտեսության մասնաճյուղ) անհատույց օգտագործման իրավունքով ամրացված անտառային հողերից հետ վերցնել 1225 քմ հողատարածք, այն փոխադրել «Էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի» կատեգորիա և կառուցապատման իրավունքով, 99 տարի ժամկետով տրամադրել «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին` Ծովասարի օրվա կարգավորիչ ջրամբար (ՕԿՋ) կառուցելու նպատակով:
«ՀՀ օրհներգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը սահմանել է ՀՀ օրհներգի երաժշտության օգտագործման դեպքերը:
«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքին համապատասխան և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2007թ. մայիսի 24-ի N 673-Ն որոշման պահանջները, գործադիրը հաստատել է «Գիլան» պետական արգելավայրի կանոնադրությունը: Երկու օր ժամկետ է տրվել համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների հետ նախագիծը լրացուցիչ քննարկելու և վերջնական տեսքի բերելու համար:
Ընդունված որոշումներից մեկը վերաբերել է ՀՀ կառավարության 2007թ. մայիսի 31-ի «ՀՀ 2007թ. պետական բյուջեով ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման նպատակով նախատեսված միջոցները բաշխելու մասին» N 652-Ա որոշման մեջ փոփոխությունների և լրացումների կատարմանը, որոնցով հնարավորություն է ստեղծվել լուծելու նաև Ազատամուտ գյուղի միջնակարգ դպրոցը 15 անուն մարզագույքով ապահովելու խնդիրը:
«Ազգային Ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, կառավարությունը որոշել է նպատակահարմար համարել ՀՀ ԱԺ-ում «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի հերթական` երրորդ ընթերցմամբ քննարկումը: Այլ որոշումներով նիստում հավանություն է տրվել նաև պատգամավորական նախաձեռնությամբ ներկայացված մի շարք ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացությունների նախագծերին, որոնք սահմանված կարգով կներկայացվեն ԱԺ:
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է ՀՀ Վայոց Ձորի մարզի Վայքի, Կոտայքի մարզի Եղվարդի, Աբովյանի, Գեղարքունիքի մարզի Սևանի, Լոռու մարզի Ալավերդու, Ախթալայի, Տաշիրի, Արագածոտնի մարզի Ապարանի, Սյունիքի մարզի Սիսիանի քաղաքային համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերը: Հանձնարարվել է ՀՀ քաղաքաշինության նախարարին` գլխավոր հատակագծերի իրականացման մոնիթորինգն ապահովել` ՀՀ կառավարության 1999թ. դեկտեմբերի 31-ի «Պետական քաղաքաշինական կադաստրի վարման և քաղաքաշինական գործունեության մոնիթորինգի անցկացման կարգը հաստատելու մասին» N 802 որոշմամբ սահմանված կարգի համաձայն: ՀՀ պետական կառավարման մարմիններին հանձնարարվել է ճյուղային և համայնքային զարգացման ծրագրերում, ինչպես նաև նշված քաղաքների քաղաքապետերին առաջարկվել է համայնքների զարգացման ծրագրերում սահմանված կարգով ներառել գլխավոր հատակագծերի իրականացման միջոցառումները` ըստ առաջնահերթության: Երկու օր ժամկետ է տրվել նախագծերը լրացուցիչ քննարկելու և վերջնական տեսքի բերելու համար:
Նիստում կառավարությունը հաստատել է նաև ՀՀ ջրային տարածքներում լողամիջոցներով երթևեկելու կանոնները: Հանձնարարվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարին` ՀՀ բնապահպանության նախարարի հետ համատեղ, որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել Սևանա լճում և այլ ջրային ավազաններում լողամիջոցների պահպանման տեղերի, կայանման, մարզական միջոցառումների անցկացման, ցամաքային և ջրային տարածությունների տարատեղությունը (վայրը, երկարությունը, լայնությունը), ինչպես նաև տեխնիկական միջոցներով դրանց կահավորման կարգը: Հանձնարարվել է նաև ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետին` ՀՀ բնապահպանության, տրանսպորտի և կապի, տարածքային կառավարման, առևտրի և տնտեսական զարգացման նախարարների հետ համատեղ, որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում մշակել և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել «ՀՀ ջրային տարածքներում երթևեկության անվտանգության ապահովման մասին» և «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր: Երկու օր ժամկետ է տրվել` արված առաջարկությունները հաշվի առնելով, շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների հետ նախագիծը լրացուցիչ քննարկելու և լրամշակելու համար:
ՀՀ կրթության և գիտության նախարարության վարկային և դրամաշնորհային ծրագրերի կառավարման խորհրդի կանոնադրության համապատասխան, գործադիրը հաստատել է Միջազգային զարգացման ընկերակցության միջոցներով ֆինանսավորվող «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային ծրագրի շրջանակներում դպրոցների համակարգչային ուսումնական կենտրոնների համար համակարգչային սարքավորումների ձեռք բերման նպատակով 2007թ. ապրիլի 12-ին բացված ու ՀՀ կրթության և գիտության նախարարության վարկային և դրամաշնորհային ծրագրերի կառավարման խորհրդի կողմից 2007թ. հուլիսի 19-ին հաստատված մրցույթի արդյունքները, որոնց համաձան մրցույթի առաջին խմբաքանակի համար հաղթող է ճանաչվել «Ալգորիթմոս Պրոցեսոս Ի Դիսենոս» կազմակերպությունը, իսկ երկրորդ խմբաքանակի համար` «Յունիքոմփ» ՓԲԸ-ն: