ուրբաթ, 21 դեկտեմբերի 2001
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Քոլեյնիի խնդրանքով այսօր նրան ընդունեց ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: ՀՀ նախագահի Իրան կատարելիք պաշտոնական այցից առաջ, որը դեսպանի գնահատմամբ շրջադարձային կլինի երկու երկրների համագործակցության զարգացման համար, անհրաժեշտություն կար ճշգրտելու Հայաստանի և Իրանի հարաբերություններում, հատկապես տնտեսական փոխգործակցության բնագավառում առկա ծրագրերի իրագործման հետ կապված մի շարք հարցեր:
Կողմերը քննարկեցին էներգետիկայի, ջրային տնտեսության, առևտրի և ապրանքաշրջանառության, օդային փոխադրումների, գիտակրթական, մշակութային և այլ ոլորտներին վերաբերող խնդիրների լայն շրջանակ: Շոշափվեցին, մասնավորապես, էներգետիկ բնագավառում որոշակի ներդրումներ կատարելու, Իրան-Հայաստան ներդրումային համատեղ ընկերություն հիմնելու, տարածաշրջանային Հյուսիս-Հարավ միջանցքին Հայաստանի մասնակցության, երկու երկրների միջև անցագրային ռեժիմի մեղմացման, օդային չվերթների թվի ավելացման, ինչպես նաև Իրանի ու Հայաստանի միջև համագործակցության հինգ կամ տասնամյա ծրագրի մշակման հետ կապված հարցեր: Նշվեց, որ այդ և այլ խնդիրների վերաբերյալ համապատասխան համաձայնագրերի կազմման նպատակով երկկողմ պաշտոնական և մասնագիտական պատվիրակությունները այս օրերին ակտիվորեն աշխատում են Երևանում և Թեհրանում, և առաջիկայում ստորագրվելուց հետո այդ համաձայնագրերը կմտնեն գործողության մեջ:
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, նշելով Հայաստանի և Իրանի միջև քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը, մասնավորապես, տարածաշրջանում հավասարակշռության պահպանմանն ուղղված Իրանի Իսլամական Հանրապետության վարած ակտիվ քաղաքականությունը, հույս հայտնեց, որ կհաջողվի երկու երկրների տնտեսական համագործակցությունը նույնպես հասցնել այդ մակարդակին:
Phone: 52-87-12
E-mail: press@arminco.com