շաբաթ, 18 օգոստոսի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Խաչատրյանների ընտանիքին: Ուղերձում ասված է.
«Խոր կսկիծով տեղեկացա արդի հայ գեղանկարչության ականավոր դեմքերից մեկի, Հայաստանի ժողովրդական նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանի մահվան մասին: Որտեղ էլ ապրեց ու ստեղծագործեց նա` Մոսկվայում, Լոնդոնում թե այլուր, հոգու թելերով մշտապես կապված մնաց իր հայրենիքին, իր ազգային արմատներին: Մեծ լավատեսությամբ և լույսով ներծծված նրա ստեղծագործությունները մեծագույն ներդրում են ոչ միայն հայ, այլև համաշխարհային մշակույթի գանձարանում:
Խորապես ցավակցում եմ Ռուդոլֆ Խաչատրյանի ընտանիքին, հարազատներին, մտերիմներին և նրա արվեստի բազում երկրպագուներին»:
ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանի մահվան կապակցությամբ ՀՀ փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշումով ստեղծվել է կառավարական հանձնաժողով` ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Գագիկ Գյուրջյանի նախագահությամբ:
Ընդունելիք որոշումների վերաբերյալ տեղեկատվությունը կառավարական հանձնաժողովը կհրապարակի լրացուցիչ: