երկուշաբթի, 24 դեկտեմբերի 2001
Այսօր ՀՀ վարչապետ, ԶՀԳ խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանի մոտ տեղի ունեցավ Զարգացման հայկական գործակալության խորհրդի նիստ: Քննարկվեցին նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը և գործակալության ընթացիկ գործունեության հետ կապված հարցեր: Ըստ ԶՀԳ-ի գործադիր տնօրեն Վահագն Մովսիսյանի, նախորդ նիստի հանձնարարականների մեծ մասը կատարվել է, իսկ մի մասի կատարումը դեռևս ընթացքի մեջ է:
Նիստում դրական գնահատվեց դեկտեմբերի 10-14-ը ԱՊՀ կազմավորման 10-ամյակին նվիրված միջպետական ցուցահանդեսին Զարգացման հայկական գործակալության՝ որպես ՀՀ տաղավարի լիազոր ներկայացուցչի, կատարած աշխատանքը Հայաստանի պատշաճ մասնակցությունն ապահովելու ուղղությամբ: Ներկայացված տեղեկատվության համաձայն, ցուցահանդեսին մասնակցած հայաստանյան 36 կազմակերպություններից 4-ը՝ «Վեդի Ալկո»-ն, «Լիկվոր ՍՊԸ»-ն, «USDA MAP»-ը և «ԶՀԳ»-ն, արժանացել են համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնի (ՀՑԿ) ոսկե մեդալի, մի շարք ընկերություններ՝ ԱՊՀ գործադիր կոմիտեի և ՀՑԿ-ի պատվոգրերի, իսկ բոլոր մասնակիցները՝ ՀՑԿ-ի կողմից սահմանված «Մասնակցի դիպլոմ»-ների: Կնքվել են շուրջ 8 մլն դոլարի արտահանման պայմանագրեր, ստորագրվել ապագա գործունեության և մտադրությունների մի շարք արձանագրություններ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ տարի բարձր տեխնոլոգիաների գծով ԱՊՀ երկրների ցուցահանդեսը Երևանում կազմակերպելու վերաբերյալ: Նկատի ունենալով, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի տնտեսության գերակա ճյուղերից է, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանձնարարեց լրջորեն նախապատրաստվել այդ ցուցահանդեսի կազմակերպմանը:
Կազմակերպիչների ներկայացմամբ մոսկովյան ցուցահանդեսը նաև ցույց տվեց հայկական արտադրության ապրանքների մեծ պահանջարկի առկայությունը ՌԴ մայրաքաղաքում: Այդ նկատառումով, ԶՀԳ-ի ղեկավարությանը հանձնարարվեց մշակել և ներկայացնել համապատասխան ծրագիր՝ Մոսկվայում լայն պահանջարկ վայելող հայկական ապրանքատեսակների առևտրական կենտրոն՝ մշտական գործող ցուցահանդես-վաճառք հիմնելու հնարավորության վերաբերյալ:
Խորհրդի նիստում քննարկվեց ՀԲ-ի կողմից ԶՀԳ-ի համաֆինանսավորման հարցը: ԶՀԳ-ի գործադիր տնօրենը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունում ՀԲ-ի «Օտարերկրյա ներդրումների և արտահանման աջակցության ծրագիրը» ներկայացնելուց հետո, որի կատարող է ընտրվել ԶՀԳ-ն, ՀԲ-ի հետ գործակալության պայմանագրի կնքման գործընթացի արդյունքը դրական է, և վերջնական փաստաթուղթը, ամենայն հավանականությամբ, կստորագրվի 2002 թ. փետրվարին:
Խորհրդի անդամները քննարկեցին նաև «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի 2002 թ. աշխատանքային ծրագիրը: Ներկայացված երկու տասնյակից ավելի ուղղություններ ընդգրկող ծրագիրը նախատեսում է օժանդակություն ներդրումների խթանմանն ու գործարարությանը, գործարար ծրագրերի մշակում, փոքր և միջին ձեռնարկությունների արտահանման ներուժի վերլուծություն, Հայաստանի՝ որպես բարենպաստ ներդրումային միջավայր ունեցող երկրի վարկանիշի ձևավորում, պոտենցիալ ներդրումների բացահայտում և օտարերկրյա ներդրումների խթանում, Հայաստանի և ԱՊՀ անդամ երկրների միջև երկարաժամկետ տնտեսական միջպետական համագործակցության խորացում, ՀՀ արտահանող ընկերությունների և արտահանման նպատակով առաջարկվող հայաստանյան արտադրության ապրանքների վերաբերյալ տեղեկատվական միասնական բանկի, արդյունաբերության զարգացման հնարավոր ճյուղերի ընդլայնված ցանկի ձևավորում և մեր երկրում ներդրումային նպաստավոր պայմանների ստեղծմանն ու գործարարության խթանմանն ուղղված բազմաթիվ այլ միջոցառումներ:
Քննարկման արդյունքում առաջարկվեց առավել մեծ ուշադրություն հատկացնել մարզային ձեռնարկություններին, փոքր ու միջին գործարարությանն աջակցելու ծրագրային խնդիրներին: Որոշվեց ծրագրի վերամշակումից հետո, այն մեկ անգամ ևս քննարկել ու հաստատել 2002 թ. հունվարի վերջին կայանալիք ԶՀԳ խորհրդի նիստում: