երկուշաբթի, 20 օգոստոսի 2007
Հայ կերպարվեստը ծանր կորուստ կրեց. կյանքի 71-րդ տարում Գերմանիայում` Բեռլինի հիվանդանոցներից մեկում վախճանվեց գծանկարի հայ ականավոր վարպետ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանը:
Ռ.Խաչատրյանը ծնվել է 1937 թվականին Երևանում: Նրա նկարչական բացառիկ ընդունակությունը դրսևորվել է դեռ մանուկ հասակում, և արդեն 1955-ին շնորհալի պատանու գրաֆիկական աշխատանքները ներկայացվել են հանրապետական ցուցահանդեսներում` արժանանալով հատուկ ուշադրության: Այնուհետև նկարչի գեղարվեստական բնատուր ձիրքն առաջադիմել ու կատարելագործվել է Երվանդ Քոչարի արվեստանոցում, Վարպետի անմիջական հսկողության տակ: Հետագայում` ուսումնասիրելով հայկական և համաշխարհային արվեստի պատմությունը, յուրացնելով հին ու նոր նկարիչների փորձը, Ռ.Խաչատրյանն աստիճանաբար մշակել է ստեղծագործական իր ինքնատիպ ոճը և տեխնիկական ուրույն եղանակը:
Նկարչի արվեստն ընդհանուր առմամբ ձևավորվել է 1960-ական թվականներին, բայց առավել հասունացել, կատարելության հասել ու լայն ճանաչում է գտել 1971-ից հետո, երբ Ռ.Խաչատրյանը բնակություն է հաստատել Մոսկվայում: Այդ տարիներին նրա ստեղծած ոչ մեծ չափսերի, սև կամ միատոն դեղնակարմրավուն մատիտներով կատարված դիմանկարներն ու նատյուրմորտներն աչքի են ընկնում տեխնիկական բարձրակարգ կատարմամբ, գծի անաղարտ, դասական մաքրությամբ:
1978-ից Ռուդոլֆ Խաչատրյանի արվեստում որոշակի, թեև ոչ կտրուկ տեղաշարժեր են նկատվում. աճում են նրա գրաֆիկական թերթերի չափսերը, մատիտի հետ մեկտեղ օգտագործվում են բաց շագանակագույն հեղուկ թանաք (սեպիա) և կարմրավուն կավճամատիտ (սանգինա), գործածվում գրիչն ու վրձինը: Պատկերի համար հիմք է ծառայում ոչ միայն թուղթը, այլև սպիտակ կամ երանգավոր ստվար խավաքարտը, որոնք նրա գործերին հաղորդում են գեղարվեստական առանձնակի փայլ, նրբագեղություն ու մաքրություն: Խոշոր պլանով, մոտիկից դիտված իր բնորդներին նկարիչը հաճախ հանդերձավորում է հին տարազներով, տարաշխարհիկ ճոխ, քմաճաշակ զգեստներով ու գլխանոցներով, որոնք կերպարներին նկարչագեղ տեսք են հաղորդում և դիտողի մոտ պատմական կամ գրական-գեղարվեստական այլազան զուգորդումներ արթնացնում:
1990-ականներին Ռ.Խաչատրյանն իր ուսուցչի՝ Երվանդ Քոչարի «տարածական նկարչության» սկզբունքների յուրովի զարգացման փորձ է ձեռնարկում` կերտելով ուղիղ անկյան տակ միմյանց հարող շերտավոր փայտից կամ թիթեղներից կազմված, տարբեր առանցքների շուրջ շրջվող-պտտվող «բազմաչափ օբյեկտներ»:
Ռուդոլֆ Խաչատրյանը նաև գեղանկարչական մի շարք բարձրավեստ գործերի հեղինակ է: Նրա աշխատանքները ցուցադրվել են տասնյակ երկրներում` արժանանալով մրցանակների ու պարգևների: Մեծ հաջողություն են ունեցել Մոսկվայում (1978, 1984), Լենինգրադում (1979), Օդեսայում (1979) ու Երևանում (1980, 1983, 1997) նկարչի բացած անհատական ցուցահանդեսները:
Կյանքից անժամանակ հեռացած և հայ նորագույն կերպարվեստի պատմության էջերում իր արժանի տեղը գրաված տաղանդավոր նկարչի կերպարը միշտ վառ կմնա նրա արվեստի բազմաթիվ երկրպագուների հիշողության մեջ:
ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանի
մահվան կապակցությամբ
ստեղծված կառավարական հանձնաժողով
ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանի հուղարկավորման կառավարական հանձնաժողովը տեղեկացնում է, որ Ռուդոլֆ խաչատրյանի աճյունը Մոսկվայից Երևան կտեղափոխվի օգոստոսի 22-ին, քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա հինգշաբթի` օգոստոսի 23-ին, ժամը 12:00-14:00-ին, Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հուղարկավորության արարողությունը կկայանա նույն օրը` Երևանի քաղաքային պանթեոնում: