չորեքշաբթի, 26 դեկտեմբերի 2001
Դեկտեմբերի 26-ին տեղի ունեցավ ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Վ.Մովսիսյանը:
Հանձնաժողովը քննարկեց 2001-2003 թվականների ընթացքում իրականացվող 6 երկարաժամկետ և 2 կարճաժամկետ բարեգործական ծրագիր:
«Երեխաների առողջության պահպանման ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից 2001-2003 թվականներին իրականացվող «Օգնություն հայ մանուկներին» ծրագիրը, որի շրջանակներում Թեքեյան կենտրոնի հարևանությամբ և հանրապետական մանկական կլինիկական հիվանդանոցի տարածքում երեխաների համար կստեղծվեն խաղահրապարակներ և կվերանորոգվի հանրապետական մանկական կլինիկական հիվանդանոցի թոքաբանության բաժանմունքը:
ԱՄՆ-ի «Հայերին բժշկական օգնություն» ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Օգնություն հայոց բանակին» ծրագիրը, որը նախատեսում է ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական հոսպիտալին բժշկական օգնության տրամադրում:
«Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից 2002-2003 թվականների ընթացքում իրականացվող «Կինը և հասարակությունը: Գենդերային հավասարությունը ժողովրդավարության զարգացման հեռանկարում» կրթական-տեղեկատվական ծրագիրը, որի նպատակն է բարձրացնել կանանց գիտելիքների մակարդակը և մասնակցությունը քաղաքացիական հասարակության ձևավորման գործընթացին:
Փախստականների հարցերով նորվեգական խորհրդի կողմից Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգիս գյուղի դպրոցի տանիքի և շենքի ներքին մասնակի վերանորոգման ծրագիրը:
Դանիայի թագավորության արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ «Առաքելություն Արևելք» մարդասիրական օգնության կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից 2002 թվականի ընթացքում իրականացվող «Սյունիքի մարզում առողջության առաջնային պահպանման զարգացման» ծրագիրը:
Դանիայի թագավորության արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ «Առաքելություն Արևելք» մարդասիրական օգնության կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից 2002 թվականի ընթացքում իրականացվող «Ուսման դժվարություններ ունեցող երեխաների հատուկ կրթության զարգացման — գիշերօթիկ դպրոցների շենքային պայմանների բարելավման» ծրագիրը, որի նպատակն է ՀՀ դպրոցներում իրականացնել նոր ուսումնական ծրագիր և կատարել վերանորոգման աշխատանքներ:
Դանիայի «Հումանիտար օգնության միսիայի» և անհատ բարերարների ֆինանսավորմամբ «Ղուկաս» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Օգնություն հոգեկան հիվանդներին և հոգեբուժարաններին» ծրագիրը, որի նպատակն է տրամադրել նյութական օգնություն և խնամք հոգեկան հիվանդներին ու հոգեբուժարաններին:
ԱՄՆ-ի «Հայաստանի զարգացման ծառայություններ» ընկերության ֆինանսավորմամբ նույն կազմակերպության հայկական մասնաճյուղի կողմից իրականացվող Նոր Խարբերդի մանկատան վերանորոգման ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է մանկատան խմբասենյակի վերանորոգում:
Նիստում քննարկվեցին նաև առանձին բարեգործական ու հասարակական կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ու բաշխման, ինչպես նաև նախկինում հաստատված ծրագրերի իրականացման հետ անմիջականորեն կապված ու դրանց համար զգալի նշանակություն ունեցող գործարքների և այլ հարցեր: