ուրբաթ, 24 օգոստոսի 2007
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ս. Տեր-Սիմոնյանը:
Հանձնաժողովը քննարկել է 8 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Սևանա լճի ափին առագաստային մարզաձևերի սպորտային բազայի համար գույքի պատրաստման, գնման, տեղափոխման և անհատույց հանձնման» և «Առագաստային մարզաձևերի սպորտային բազայի բարելավման» ծրագրերը,Գիտության-առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի կողմից իրականացվող ծրագիրը, որի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետության գիտական համակարգի տեխնիկական զարգացմանն ու արդիականացմանը:
Հաստատվել են նաև Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագիրը, «Կամրջակ» սոցիալ-բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Դաշտաքար գյուղի խմելու ջրի ջրագծի կառուցում» և «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ի դահլիճի լուսամուտների և դռան փոփոխում», զոհված և հաշմանդամ ազատամարտիկների «Ժառանգություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` «Հաշմանդամների ինտեգրացումը հասարակությանը», «Քարավան 88» բարեգործական-հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Վեց համայնքների հզորացում» ծրագրերը:
Նիստում քննարկվել և հաստատվել են նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր ևս: