չորեքշաբթի, 26 դեկտեմբերի 2001
Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Կառավարության այս տարվա վերջին նիստի օրակարգը բավականին հագեցած էր և ընդգրկում էր ավելի քան չորս տասնյակ հարց: Դրանցից կառավարությունն ընդունեց «Աջակցություն երեխաներին» հիմնադրամ ստեղծելու մասին որոշումը, որով լուծվում է առանց ծնողական խնամքի մնացած, ինչպես նաև բնածին, ֆիզիկական և մտավոր արատներ ունեցող երեխաների սոցիալական և այլ խնդիրների համար անհատների կամ կազմակերպությունների առաջարկած միջոցները կենտրոնացնելու և այդ նպատակներին ուղղորդելու խնդիրը:
«Բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատեց Բույսերի պաշտպանության միջոցների պետական գրանցման կարգը և բույսերի պաշտպանության քիմիական, կենսաբանական միջոցների ու կենսաբանական ակտիվ նյութերի գրանցման միջգերատեսչական հանձնաժողովի կանոնադրությունը:
Գործադիրը հաստատեց նաև ՀՀ-ում նոր դեղերի կլինիկական հետազոտությունների անցկացման կարգը: Այդ հետազոտություններն անցկացվում են դեղի անվտանգությունը և արդյունավետությունը հաստատելու, ինչպես նաև հնարավոր կողմնակի ազդեցությունների մասին տվյալներ ստանալու նպատակով: Այն անցկացնելու թույլտվությունը տալիս է ՀՀ առողջապահության նախարարությունը՝ «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների գործակալություն» ՓԲԸ-ի դրական եզրակացության հիման վրա:
Ելնելով ՀՀ փոքր ու միջին ձեռնարկատիրությանն աջակցելու, էլեկտրոնային առևտրի ներդրման ու զարգացման, օտարերկրյա պետությունների ազգային շուկաներ հայրենական ապրանքների և ծառայությունների առաջանցման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունից՝ կառավարությունը որոշեց ստեղծել «Տեղեկատվական մարքեթինգային կենտրոն» ԲԲԸ:
Հայ-ռուսական ռազմական համագործակցության զարգացումն ու ընդլայնումը որակական նոր աստիճանի հասցնելու, ավելի բարձր մակարդակի վրա դնելու նպատակով, նաև առաջացող նոր պահանջներով ու հանգամաքներով պայմանավորված՝ կառավարությունը համաձայնություն տվեց «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի և ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման ու գործարկման համար հողամասերի հանձնման և օգտագործման կարգի մասին 1996 թ. սեպտեմբերի 27-ին ստորագրված համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 2 արձանագրության կնքման առաջարկությանը:
Կառավարությունը որոշումներ կայացրեց նաև «Էլեկտրոն» ՓԲԸ «N50 արտադրական մասնաշենք» անավարտ շինարարության օբյեկտի և «Անիպեմզա կոմբինատ» ՓԲԸ-ի մասնավորեցման մասին:
Գործադրի այսօրվա որոշմամբ, ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության տնօրինության տակ գտնվող շենքերում մամուլի և այլ ԶԼՄ-ների կողմից զբաղեցրած տարածքները նրանց կտրամադրվեն անհատույց օգտագործման իրավունքով, այդ տարածքների սպասարկման վարձի չափ սահմանվեց 1 քառ մետրի համար 250 դրամը: Որոշման մեջ ներկայացված ԶԼՄ-ների ցանկը քննարկման արդյունքում չհաստատվեց՝ նկատի առնելով վիճահարույց և մտահոգիչ մի շարք հարցեր, որոնց անդրադարձ է եղել նաև անցած շաբաթ ՀՀ վարչապետի և ԶԼՄ-ների ղեկավարների հանդիպման ժամանակ: Պետական գույքի կառավարման նախարարությանը մինչև մարտի 1-ը ժամկետ տրվեց՝ ցանկը հստակեցնելու և կառավարության հաստատմանը ներկայացնելու համար:
«Հայմամուլ» ՓԲԸ-ի գործունեությունը կարգավորելու և աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, նաև «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշում կայացրեց «Հայմամուլ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների մասին:
ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից 50 և ավելի տոկոս բաժնետոմսերի տնօրինումն իրականացնող ընկերությունների հիմնական միջոցների և անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվների վերագնահատման գործընթացի մասին ընդունած որոշմամբ կառավարությունը նպատակ ունի ստանալ համակարգի ակտիվների ճիշտ գնահատականը, ինչը խիստ կարևոր է համակարգի ընկերությունների հետագա արդյունավետ գործունեության համար:
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատեց չափման միջոցների արտադրության և նորոգման գործունեության վերաբերյալ փաստաթղթերի փորձաքննության իրականացման լիցենզավորման կարգն ու չափման միջոցների արտադրության և նորոգման գործունեության վերաբերյալ փաստաթղթերի փորձաքննության իրականացման համար ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության կողմից տրվող լիցենզիայի ձևը: Նույն խնդրին վերաբերող այլ որոշմամբ, հաստատվեց չափման միջոցների արտադրության և նորոգման գործունեության լիցենզավորման կարգը, այդ գործունեության իրականացման համար կառավարությանն առընթեր վերոհիշյալ մարմնի կողմից տրվող լիցենզիայի ձևը:
Այսօրվա նիստում որոշում ընդունվեց նաև հողային պաշարների պետական կառավարման լիազոր մարմիններ սահմանելու մասին: Այդ մարմինների լիազորությունների տարանջատումը պայմանավորված է հողամասերի՝ որպես սեփականության և գույքային շրջանառության օբյեկտի, որպես պահպանության ենթակա բնական պաշարի և արտադրական միջոցի, ինչպես նաև որպես տարածքային բազիսի օգտագործման առանձնահատկություններով:
ՀՀ Արագածոտնի մարզի Ագարակ և Ոսկեհատ համայնքների վարչական տարածքներում բացահայտված հնավայրի պատմամշակութային բարձրարժեք հուշարձանների ամբողջական պահպանության, հետազոտման և գիտաճանաչողական ու զբոսաշրջության նպատակներով օգտագործման համար՝ կառավարությունը որոշեց այդ համայնքների տարածքում ստեղծել «Ագարակ» պատմամշակութային արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
Գործադրի որոշմամբ Գյումրիի «Շիրակ» հեռուստառադիո» ՓԲԸ-ի պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահվեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին:
Նիստում հաստատվեցին «Պետական աջակցություն մասնակի հրատարակչական գործի կազմակերպմանը» ծրագրով հրատարակվող գրականության անվանացանկը և ծավալները:
Կառավարությունը հավանություն տվեց «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով սահմանվում են պետական կենսաթոշակային ապահովագրության կազմակերպման և իրականացման սկզբունքները, կենսաթոշակային ապահովության իրավական երաշխիքները, կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու պայմանները, պետական կենսաթոշակի տեսակները, դրանց նշանակման և վճարման կարգը:
Գործադիրը համաձայնություն տվեց «ՀՀ կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև բարձրագույն կրթության և գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Նիստում համաձայնություն տրվեց «ՀՀ կառավարության և Մեքսիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Կառավարությունը այսօրվա նիստում որոշում կայացրեց նաև էներգետիկայի բնագավառի կառավարման բարելավման միջոցների, Միջպետական բանկից «Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ-ի կողմից վարկային միջոցների ներգրավման միջոցների մասին:
ՀՀ պետական և համայնքային բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին որոշմամբ սահմանվում են պետական և համայնքային բյուջեների կատարման, ներառյալ պետության և համայնքների բոլոր դրամական միջոցների շրջանառման, գործընթացը, կարգավորվում՝ այդ գործընթացի հետ կապված հիմնական հարաբերությունները: