ուրբաթ, 11 հունվարի 2002
Երևանի Շենգավիթ համայնքի ղեկավարի խնդրանքով, այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց նախկինում արդյունաբերական շրջանի համբավ ունեցած այդ համայնքի գործարարներին, որոնք փորձում են վերականգնել իրենց համայնքի գործարարության համբավը: Համայնքապետ Մարտին Սարգսյանի տեղեկացմամբ, այդ նպատակով ստեղծվել և արդարադատության նախարարությունում արդեն գրանցվել է «Գործարարության աջակցման «Շենգավիթ» կենտրոն» հասարակական կազմակերպությունը, համայնքապետարանում գործում է նույնանուն կենտրոն:
Վարչապետի հետ հանդիպման եկած տնտեսության արդյունաբերական տարբեր ճյուղեր ներկայացնող գործարարները հիմնականում հիշյալ կազմակերպության խորհրդի անդամներն էին, որոնք ուժերի համախմբմամբ փորձում են նպաստել տնտեսության ընդհանուր զարգացմանն ու այդպիսով աջակցել համայնքի սոցիալական խնդիրների լուծմանը:
Հանդիպմանն Անդրանիկ Մարգարյանը ներկայացրեց գործարարության աջակցմանն ուղղված կառավարության ձեռնարկած քայլերն ու քաղաքականությունը, լսեց գործարարների ներկայացրած առաջարկները, որոշակի խոչընդոտների հաղթահարմանն ուղղված աջակցության խնդրանքը:
Վարչապետը վստահեցրեց, որ պատրաստ է գործարարությանը, ներդրումներին խոչընդոտող ցանկացած դեպքի արագ արձագանքելու, դրանց վերացման ուղղությամբ քայլեր ձեռնարակելու, ինչը անցած տարի արդյունավետորեն իրականացրել է նաև այդ իսկ նպատակով ստեղծված ՀՀ վարչապետին առընթեր գործարարության աջակցման խորհուրդը:
Անդրանիկ Մարգարյանը հույս հայտնեց, որ բարձրացված որոշակի հարցերը հանդիպումից հետո կարճ ժամկետում կլուծվեն և հանձնարարեց հանդիպմանը ներկա արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Դավիթ Զադոյանին ու արդյունաբերության և առևտրի նախարար Կարեն Ճշմարիտյանին՝ հետևողական լինել այդ հարցում: