երկուշաբթի, 3 սեպտեմբերի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարան: Վարչապետը շրջայց է կատարել համալսարանում, ծանոթացել ուսման համար ստեղծված ժամանակակից պայմաններին, ինչպես նաև դեռևս առկա խնդիրներին, այցելել բուհի վերանորոգված համակարգչային նախագծման ֆակուլտետ, որից հետո համալսարանի ղեկավարության և պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ, ՀՀ կրթության և գիտության նախարարի մասնակցությամբ, քննարկել ճարտարապետաշինարարական կրթության զարգացման հարցերը: Քննարկմանը մասնակցել են Շինարարների միության և Ճարտարապետների միության նախագահները ևս:
Վարչապետը ներկայացրել է ՀՀ կառավարության քաղաքականությունը կրթության և գիտության բնագավառներում, որոնք արդեն իսկ ամրագրված են ՀՀ կառավարության գործունեության ծրագրում, անդրադարձել նաև տնտեսության մեջ մեծ կշիռ ունեցող կամ գերակա ճյուղերի համար այսօր մեծ պահանջարկ վայելող մասնագիտությունների գծով բուհերում որակյալ կադրերի պատրաստման խնդիրներին, ավելի հանգամանորեն խոսելով հատկապես տվյալ բուհից` Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանից պետության ակնկալիքների և ըստ այդմ` բուհի առջև դրված խնդիրների մասին:
Ընդգծելով, որ մեր տնտեսության համախառն ներքին արդյունքում շինարարությունն զգալի տեղ է զբաղեցնում, և տարեցտարի քաղաքաշինական ծրագրերի ընդլայնվող ծավալներից ելնելով, ՀՆԱ-ի կառուցվածքում առաջիկա տարիներին ևս շինարարության կշիռը մեծ է լինելու, Սերժ Սարգսյանը կարևորել է բարձրակարգ, որակյալ մասնագետների պատրաստմամբ եղած պահանջարկը բավարարելու խնդիրը, նկատելով, որ այսօր հանրապետությունում հատկապես բարձրագույն կրթությամբ այդպիսի մասնագետների մեծ պահանջարկ կա:
Վարչապետը նշել է, որ ՀՀ պետական բյուջեում յուրաքանչյուր տարի զգալիորեն ավելացվելու է կրթությանը և գիտությանը տրամադրվող ֆինանսավորումը, սակայն, ըստ նրա, չափազանց կարևոր է այդ միջոցների ծախսման արդյունավետության մեծացումը, բարեփոխումների արդյունքում կրթության որակի բարձրացումն ու աշխարհի առաջատար փորձի վրա հիմնված և պահանջարկված, տնտեսության մեջ կիրառելի գիտության զարգացման ուղղությամբ աշխատանքը: