հինգշաբթի, 6 սեպտեմբերի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության առաջին քարտուղար Ֆրանսուա Օլանդին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ներկայացուցչական պատվիրակության այցը մեր երկիր` վարչապետ Սերժ Սարգսյանը նշել է, որ դա, անկասկած, միջկուսակցական կապերի զարգացումից բացի, կնպաստի նաև հայ-ֆրանսիական հարաբերությունների առավել ամրապնդմանն ու համագործակցության զարգացմանը:
Հանդիպման ժամանակ կողմերը գոհունակությամբ են փաստել վերջին տարիներին երկկողմ հարաբերությունների ակտիվ զարգացումը, ինչի վկայությունն են նաև բազմաթիվ ու բազմաբնույթ միջոցառումներով Հայաստանի տարվա անցկացումը Ֆրանսիայում և Ֆրանսիայի տարվա անցկացումը Հայաստանում, երկու երկրների նախագահների փոխայցելությունները և այլն:
Զրուցակցի խնդրանքով վարչապետ Սերժ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի քաղաքական ու տնտեսական ներկա վիճակը, զարգացման հեռանկարները, հարաբերությունները հարևան երկրների հետ, այդ համատեքստում` առկա խնդիրների կարգավորման մեր երկրի դիրքորոշումն ու նաև հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա ամրապնդմանն ուղղված հնարավորությունները տնտեսական, քաղաքական, կրթական, մշակութային և մի շարք այլ բնագավառներում: Խոսելով տարածաշրջանային խնդիրների մասին, Հայաստանի կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև Լեռնային ղարաբաղի հակամարտության կարգավորմանը` ներկայացնելով Հայաստանի մոտեցումները, որոնք տարբեր առիթներով բազմիցս հայտարարվել են: Վարչապետը հույս է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ հակամարտությունը, բանակցությունների արդյունքում, խաղաղ ճանապարհով կլուծվի` շեշտելով, որ ռազմական ճանապարհով այս խնդիրը լուծում չունի: Նա ընդգծել է, որ Ֆրանսիան ևս իբրև համանախագահող երկիր, այս ուղղությամբ մեծ աշխատանք է կատարում, և ուրախ կլինի, եթե քաղաքական ուժերի միջև զարգացող համագործակցությունը լրացուցիչ նպաստ բերի տարածաշրջանում կուտակված խնդիրների լուծմանը:
Հանդիպման ժամանակ Ֆրանսուա Օլանդն անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին ևս` նշելով, որ Ֆրանսիայի խորհրդարանում ընդունված նախագիծը Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության նախաձեռնությունն էր: Ըստ նրա, ներկայումս կուսակցությունը մշակում է նոր նախագիծ` Հայոց ցեղասպանության մերժման համար պատիժ սահմանելու վերաբերյալ:
Շնորհակալություն հայտնելով զրուցակցին և նրա ղեկավարած կուսակցությանը` Հայաստանի նկատմամբ մշտապես ունեցած նման բարեկամական վերաբերմունքի և հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացմանն ուղղված գործունեության համար, վարչապետ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ յուրաքանչյուր հայ, բնականաբար, հարգանք է տածում այն ժողովուրդների, կազմակերպությունների և անհատների նկատմամբ, ովքեր ցեղասպանությունների ճանաչմանը և դատապարտմանը միտված իրենց գործունեությամբ նպաստում են ոչ միայն պատմական արդարության վերականգմանը, այլ նաև այսուհետ մարդկության դեմ ուղղված նման ոճրագործությունների կանխարգելմանը:
Հանդիպման ավարտին վարչապետը հաջողություններ է մաղթել Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցությանը` հույս հայտնելով, որ այսուհետ ևս Ֆրանսիայի հեղինակավոր քաղաքական այդ կազմակերպությունն իր գործունեությամբ կշարունակի մեծ նպաստ բերել երկու երկրների միջև հարաբերությունների առավել ամրապնդմանը: