հինգշաբթի, 17 հունվարի 2002
Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Նիստի սկզբում վարչապետը շնորհավորեց քաղաքացիական ծառայության խորհրդի նորանշանակ նախագահ, ԱԺ «Միասնություն» խմբակցության անդամ Մանվել Բադալյանին՝ հաջողություններ մաղթելով նոր աշխատանքում, որի համար, ըստ Անդրանիկ Մարգարյանի, կարևոր է նաև կառավարության անդամների աջակցությունը: «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն, քաղծառայության խորհրդի նախագահը այսուհետ կմասնակցի ՀՀ կառավարության նիստերին:
Օրակարգի հարցերից գործադիրը քննարկեց և հաստատեց «Սևանա լճի էկոհամակարգի վրա բացասական ազդեցություն ունեցող նյութերի, կենսածին տարրերի, ծանր մետաղների կամ դրանց միացությունների և այլ նյութերի ցանկը», որը պայմանավորված է «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ: Ցանկում ընդգրկված նյութերի ընտրությունը պայմանավորված է Սևանի ջրահավաք ավազանում արդյունաբերական և գյուղատնտեսական գործունեության արդյունքում առաջացող և շրջակա միջավայրի վրա հնարավոր վնասակար ազդեցություն ունեցող վտանգավոր նյութերով:
Մեկ այլ որոշմամբ, հանրապետության ջրային ռեսուրսների կառավարման կարգավորման նպատակով, ՀՀ բնապահպանության նախարարության կազմում ստեղծվեց ջրային ռեսուրսների կառավարման գործակալություն:
Գործադիրը համաձայնություն տվեց «ԱՊՀ մասնակից պետությունների միջև անչափահասներին իրենց բնակության մշտական վայր վերադարձնելու հարցերով համագործակցության մասին», «ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների միջև՝ տրանսպորտում հանցավորության դեմ պայքարի ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրերի և «Անօրինական ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) հակազդելու մասին» պայմանագրի կնքման առաջարկություններին:
Նիստում հաստատվեց ՀՀ-ում տեխնիկատնտեսական ու սոցիալական տեղեկատվության դասակարգման և կոդավորման միասնական համակարգի ստեղծման ու ներդրման ծրագրի մշակման, իրականացման միջգերատեսչական խորհրդի կազմը:
Կառավարությունը որոշում կայացրեց նաև ճապոնական դրամաշնորհի հաշվին ՀՀ-ին տրամադրված ազոտական պարարտանյութի իրացման և իրացումից գոյացած միջոցները տնօրինելու մասին: Որոշման համաձայն, այն կիրացվի աճուրդով: Որոշման մեջ հաստատվեց նաև 15880 տոննա այդ պարարտանյութի բաշխվածությունը ըստ մարզերի: Իրացումից առաջացած միջոցները կփոխանցվեն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական գանձապետարանում բացված հատուկ հաշվին՝ Ճապոնիայի կառավարության հետ համաձայնեցված գյուղատնտեսական ծրագրի ֆինանսավորման համար:
Կառավարության որոշմամբ «Աճուրդի կենտրոն» պետական հիմնարկը վերակազմակերպվեց «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության:
Մեկ այլ որոշմամբ, ՀՀ սեփականություն հանդիսացող՝ Մեղրի քաղաքի հյուրանոցի շենքը, օրենսդրությամբ սահմանված կարգով, անհատույց, սեփականության իրավունքով փոխանցվեց Մեղրու քաղաքային համայնքին:
Շինարարության թույլտվության ընթացակարգերում պարզություն մտցնելու և այդպիսով անհարկի առաջացող բյուրոկրատական քաշքշուկներից, խոչընդոտներից, ավելորդ թղթարարությունից քաղաքացիներին ազատելու, պաշտոնյաների կողմից չարաշահումները բացառելու նպատակով կառավարությունն այսօր ընդունեց մի քանի որոշումներ, որոնցով հաստատեց ՀՀ-ում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության, ՀՀ գյուղական բնակավայրերում բնակելի կառուցապատման օբյեկտների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի և դրանց կատալոգի ներդրման ու կիրառման, ինչպես նաև քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության և ՀՀ-ում շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառական նշանակության փոփոխման կարգերը:
Այսօրվա նիստում հաստատվեց անվճարունակության կառավարիչների կողմից աճուրդի անցկացման կանոնակարգը ևս:
ՀՀ-ում գրահրատարակչության ոլորտի պետական կարգավորման, գրահրատարակչության բնագավառում պետական միասնական քաղաքականության իրականացման ապահովման նպատակով, կառավարությունը որոշեց իրեն առընթեր գործող տեղեկատվության և գրահրատարակչության վարչությունը միացման ձևով վերակազմակերպել՝ ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության կազմում գործող գրահրատարակչական գործակալություն:
Վերոհիշյալ վարչության կանոնադրությամբ ամրագրված տեղեկատվության ոլորտին վերաբերող գործառույթների իրագործման մեխանիզմը, ըստ վարչապետի, կառավարությունն առաջիկայում կքննարկի և դրա վերաբերյալ համապատասխան որոշում կկայացնի՝ նկատի առնելով պետության համար ինչպես իր արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականության քարոզչության համակարգման անհրաժեշտությունը:
Tel: 52-87-12
E-mail: press@arminco.com