հինգշաբթի, 6 սեպտեմբերի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Երևանի քաղաքապետի հրավերով պաշտոնական այցով Հայաստան ժամանած Դելիի գլխավոր նախարար տիկին Շեյլա Դիքշիթին:
Ողջունելով տիկին Դիքշիթին և նրա գլխավորած պատվիրակությանը, վարչապետը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության զարգացումից, ինչի վկայությունն են, ըստ նրա, վերջին տարիներին հաճախակի դարձած բարձր մակարդակի փոխայցելությունները, այդ թվում նաև Դելիի գլխավոր նախարարի առաջին պաշտոնական այցը մեր երկիր:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, տիկին Դիքշիթը նշել է, որ տպավորված է անկախացումից հետո քաղաքական, տնտեսական և այլ ասպարեզներում Հայաստանի ունեցած հաջողություններով, ընդգծելով, որ Հնդկաստանը պատրաստակամ է աջակցելու մեր երկրին հետագա առաջընթացի հարցերում` սերտացնելով համագործակցությունը գյուղատնտեսության, առողջապահության, մշակույթի և այլ բնագավառներում: Կրթության ոլորտում փոխգործակցության մեջ երկուստեք կարևորվել են, մասնավորապես, ուսանողների փոխանակման, պետական մակարդակով միմյանց դիպլոմների փոխադարձ ճանաչման հարցերը:
Վարչապետ Սերժ Սարգսյանը ևս ընդգծել է երկու երկրների միջև հատկապես տնտեսական կապերը խթանելու, ապրանքաշրջանառության, ներդրումների ծավալներն ավելացնելու կարևորությունը, այդ առիթով գոհունակություն հայտնելով Հայաստանի գործարանների վերագործարկման նկատմամբ հնդիկ գործարարների հետաքրքրվածության կապակցությամբ: Նա նշել է, որ ի լրումն վերոնշյալ ոլորտների, մեր երկիրը շահագրգռված է զարգացնելու և խորացնելու համագործակցությունը հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, որտեղ Հնդկաստանի հաջողություններն ակնառու են:
Հանդիպման ավարտին վարչապետ Սերժ Սարգսյանը հաջողություն է մաղթել տիկին Դիքշիթին` երկու երկրների միջև համագործակցության սերտացմանն ուղղված իր գործունեության մեջ: