ուրբաթ, 7 սեպտեմբերի 2007
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:
Խորհուրդը քննարկել է ՀՀ հակակոռուպցիոն նոր ռազմավարության նախագծի մշակման աշխատանքների հայեցակարգը և նախապատրաստական միջոցառումների իրականացման փորձագետների խումբ ստեղծելու մասին հարցը, կոռուպցիայի դեմ պայքարող երկրների խմբի (GRECO) Հայաստանի Հանրապետությանը ներկայացրած երաշխավորությունների կատարման ընթացքը, ինչպես նաև հաստատել է Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի կազմը:
Առաջին հարցի կապակցությամբ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախագահի օգնական Գևորգ Մհերյանը նշել է, որ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման միջոցառումների ծրագիրը` համաձայն ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության մոնիտորինգի հանձնաժողովի զեկույցների և ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի արձանագրությունների, ըստ էության իրականացվել են և անհրաժեշտություն է առաջացել անդրադառնալու նոր ռազմավարության մշակմանը: Վերջինս պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ անցած տարիների ընթացքում Հայաստանն անդամակցելով կոռուպցիայի դեմ պայքարի մի շարք միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև ձգտելով դառնալ Եվրամիության անդամ երկիր, ձևավորվել են նոր իրողություններ, որոնք նպաստավոր են դարձնում նոր լիարժեք և ժամանակակից հակակոռուպցիոն ռազմավարության մշակումը: Բացի այդ` նախորդ հակակոռուպցիոն, ինչպես նաև աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրերի մշակման և իրականացման փորձը հնարավորություն են տալիս աշխատանքներն իրականացնել կազմակերպված ու համակարգված: Նա ընդգծել է նաև, որ ՀՀ կառավարության 2007թ. հաստատված ծրագրում ՀՀ հակակոռուպցիոն նոր ռազմավարության մշակումը ճանաչվել է գերակա խնդիր: Այնուհետև զեկուցողը ներկայացրել է նոր հակակոռուպցիոն ռազմավարության մշակման այն սկզբունքները, որոնց ապահովումը, ըստ նրա, հնարավորություն կտա ունենալ կառավարության և քաղաքացիական հասարակության համար ընդունելի փաստաթուղթ: Կարևոր սկզբունքների թվում, նա նշել է, հակակոռուպցիոն քայլերի, միջազգային համաձայնագրերով (կոնվենցիաներով) ստանձնած պարտավորությունների կատարման համար պայմանների ստեղծումը, կոռուպցիայի կրճատման սահմանանիշերի սահմանումը և այդ ցուցանիշներին հասնելու քայլերն ու ուղիները, մոնիտորինգի և ռազմավարական ծրագրի մշակման ու կառավարման ճկուն համակարգերի առկայությունը: Նախանշված սկզբունքների շարքում առանձնապես կարևորվել է ռազմավարական ծրագրի մշակման գործընթացում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովումը: Հիմք ընդունելով նշված սկզբունքները` առաջարկվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրի նոր նախագծի կազմումը սկսել տեխնիկական առաջադրանքի մշակումից: Նպատակահարմար է համարվել ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի որոշմամբ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության նոր ծրագրի մշակման աշխատանքային խմբի լիազորությունները վերապահել ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրի մոնիտորինգի հանձնաժողովին` նրա կազմը համալրելով ՀՀ ԿԲ-ի, ՀՀ արդարադատության, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունների, ՀՀ դատախազության, ՀՀ վերահսկիչ պալատի ներկայացուցիչներով:
Ըստ Գ. Մհերյանի, հանձնաժողովի մշակած ծրագրի նախագծի առաջին աշխատանքային տարբերակը կներկայացվի խորհրդի քննարկմանը, որից հետո կսկսվի հանրային քննարկումների փուլը` ինչպես մասնագիտական կառույցների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Փաստաթղթի նախագծային առավել մանրամասնված տարբերակները` քննարկման և կարծիքի կներկայացվեն ՀՀ նախարարություններին և գերատեսչություններին: Ռազմավարական ծրագրի վերջնական տարբերակը, խորհրդի կողմից հավանության արժանանալուց հետո, կներկայացվի ՀՀ կառավարության հավանությանը:
Օրակարգի հաջորդ հարցի կապակցությամբ նշվել է, որ GRECO-ի 2005թ. մարտին Ստրասբուրգում տեղի ունեցած լիագումար նիստի ժամանակ ընդունված ՀՀ-ի վերաբերյալ գնահատման առաջին և երկրորդ փուլերի զեկույցի շրջանակներում ՀՀ-ին արվել է 24 առաջարկություն: ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստում հաստատվել է GRECO-ի գնահատող խմբի կողմից ՀՀ-ին ներկայացված երաշխավորությունների կատարումն ապահովող միջոցառումների ծրագիր` կատարման ժամկետների և պատասխանատու պետական մարմինների մատնանշմամբ: Զեկուցվել է, որ նշված մարմիններից պարբերաբար տեղեկատվություն է ստացվել կատարված աշխատանքների վերաբերյալ: Դրանց ամփոփման արդյունքների համաձայն` ՀՀ-ին ներկայացված առաջարկություններից ներկա պահի դրությամբ ամբողջությամբ կատարվել է 10-ը, մասամբ` 7-ը և 7 առաջարկություն չի կատարվել: Նշվել է նաև, որ գնահատման զեկույցի համաձայն, Հայաստանը տրված առաջարկությունների կատարման վերաբերյալ իր զեկույցը GRECO-ի քարտուղարություն պետք է ներկայացնի մինչև 2007թ. սեպտեմբերի 30-ը, որի արդյունքում GRECO-ի փորձագետների կազմից կնշանակվեն պատասխանատու-զեկուցողներ:
Նիստում խորհուրդը հաստատել է նաև Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նոր կազմը: Հանձնաժողովը նախագահում է ՀՀ նախագահի օգնականը, կազմում ընդգրկվել են ՀՀ ԱԺ պատգամավորական խմբակցությունների և խմբերի մեկական անդամ (համաձայնությամբ), Կոռուպցիայի դեմ պայքարող երկրների խմբում (GRECO) ՀՀ պատվիրակության ղեկավարը, ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար, անցումային տնտեսությամբ երկրների հակակոռուպցիոն նախաձեռնությունում աշխատանքային խմբի ղեկավարը, ՀՀ դատախազության, վերահսկիչ պալատի, կենտրոնական բանկի, արդարադատության, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ (համաձայնությամբ):