չորեքշաբթի, 23 հունվարի 2002
Այսօր ՀՀ կառավարության ընդունելությունների տանը սկսվել են հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի չորրորդ նիստի աշխատանքները: Հանդիպման մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հույս է հայտնել, որ երկօրյա հանդիպումը հնարավորություն կտա քննարկելու և գնահատելու իրականացվող համատեղ ծրագրերի ընթացքը և ճշգրտելու հետագա համագործակցության ուղղությունները: Ըստ վարչապետի, այս տարեսկզբին նիստի գումարումը հնարավորություն է ընձեռում ոչ միայն ամփոփելու նախորդ տարվա համագործակցության արդյունքները, այլև հստակեցնելու առաջիկա անելիքները: Անդրանիկ Մարգարյանը հակիրճ անդրադարձել է հիմնական այն ոլորտներին, որտեղ երկու երկրների կառավարությունների համագործակցությունը հեռանկարային է և բխում է փոխադարձ շահերի առկայության հանգամանքից:
Ըստ վարչապետի, 2001թ.-ի սեպտեմբերյան ողբերգական իրադարձությունները պահանջում են սկզբունքորեն վերանայել մեր համագործակցության եղանակները և դրանք հասցեագրել հատկապես այդ իրադարձություններով պայմանավորված խնդիրների կարգավորմանը՝ որևէ դեպքում չանտեսելով կամ չթերագնահատելով նշված իրադարձությունների այն բացասական հետևանքները, որոնք արձանագրվել են կամ ի հայտ կգան առաջիկա քաղաքական և տնտեսական զարգացումներին զուգընթաց. «Համաշխարհային տնտեսությունն այդ դեպքերին արձագանքեց տնտեսական աճի դանդաղեցմամբ և բազմաթիվ դեպքերում ներդրումային որոշումների փոփոխություններով», նշել է Անդրանիկ Մարգարյանը: Ըստ նրա, դա նշանակում է չկատարված ներդրումներ, չստացված եկամուտներ, ինչը, իհարկե, մեծ բացասական ազդեցություն է թողնում համաշխարհային հանրության բարեկեցության բարձրացման տեմպերի վրա: Մյուս կողմից այդպիսի դեպքերի իրականացման հնարավորությունը փաստում է, որ ահաբեկչության դեմ պայքարում պետք է միավորվեն բոլոր երկրների ջանքերը և, մասնավորապես, գործուն մեխանիզմներ սահմանվեն դրան սնուցող ստվերային դրամական հոսքերի բացահայտման և կանխման ուղղությամբ: Այդ կապակցությամբ, ընդգծել է վարչապետը, Հայաստանի կառավարությունն արդեն իսկ որոշակի քայլեր է ձեռնարկել և ընդունել է բանկային նոր օրենսդրություն, որտեղ էական ուշադրություն է դարձվել փողերի լվացման դեմ պայքարին: Մասնավորապես, իրավական հիմքեր են ստեղծվել քարտային համակարգում փողերի լվացման դեմ պայքարում միջոցառումների համար և այդ փոփոխություններով ամրագրված քաղաքականության կենսագործումը շատ ավելի արդյունավետ կլինի երկու երկրների կառավարությունների համագործակցության արդյունքում:
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ առաջիկա տարիների համար Հայաստանի կառավարության գործունեության կարևորագույն խնդիրներից կլինի աղքատության հաղթահարումը, որի ուղղությամբ այս տարվա ընթացքում իրականացվելիք առաջնահերթ միջոցառումներից է աղքատության հաղթահարման ռազմավարական ամփոփ ծրագրի մշակումը: Կառավարության ղեկավարը հատկապես կարևորել է համագործակցության ընդլայնումը աղետի գոտու վերականգնման և զարգացման ծրագրերի իրագործման խնդրում: Առանձին հետաքրքություն նեկայացնող խնդիրների շարքում նա նշել է, մասնավորապես, քարտեզագրման և վիճակագրության բնագավառում, երկու երկրների քաղաքացիների միջև քաղաքացիական, ընտանեկան և քրեական իրավահարաբերությունները կարգավորող իրավական դաշտի ամբողջացման ոլորտում համագործակցությունը:
Վերջում վարչապետը արդյունավետ և արգասաբեր համատեղ աշխատանք է մաղթել հավաքի բոլոր մասնակիցներին՝ հույս հայտնելով, որ դա կայուն հիմք կդառնա համագործակցության ծրագրերի կենսագործման համար: