շաբաթ, 26 հունվարի 2002
Այսօր տեղի ունեցավ ՀՀ վարչապետին առընթեր գործարարության աջակցման խորհրդի (ԳԱԽ) նիստ, որի սկզբում նախ զեկուցվեց նախորդ՝ 2001թ. դեկտեմբերի 25-ի նիստի հանձնարարականների կատարման ընթացքը: Նշվեց, որ «Հայ-ամերիկյան հեռուստատեսային հաղորդակցություն» ՓԲԸ-ի վերալիցենզավորման վիճելի հարցի լուծման գործում էական տեղաշարժ չկա: ԳԱԽ-ի անցած նիստում այս հարցը լսելուց հետո, կողմերին առաջակվել էր խնդիրը լուծել իրավական դաշտում, քանի որ ոչ ԳԱԽ-ը, ոչ կառավարությունն այդտեղ միջամտելու իրավունք չունեն: Համաձայնության չգալու դեպքում, ինչպես օրենքն է նախատեսում, որոշման իրավունքը պետք է վերապահվի դատարանին: Նշվեց, որ ընկերության աշխատանքում խոչընդոտներ չկան, այն դեռևս շարունակում է իր գործունեությունը:
Բեռնափոխադրումների գների հետագա թանկացման հետ կապված խնդրի կարգավորման ուղղությամբ աշխատանքներ տանելու վերաբերյալ հանձնարարականի մասին զեկուցվեց, որ ՀՀ տրանսպորտի և կապի, արդյունաբերության և առ—տրի նախարարությունները և գործարարների միությունը որոշակի միջոցառումներ են ձեռնարկել հարցի դրական լուծման ուղղությամբ, բանակցությունները առևտրային հարաբերությունների հստակեցման ուղղությամբ առաջիկա շաբաթվա ընթացքում էլ կշարունակվեն: Նշվեց, որ առ այսօր թանկացում չի եղել և բանակցությունների դրական ավարտի դեպքում՝ մտահոգությունը վերջնականապես կփարատվի:
Մեկ այլ հանձնարարականի համաձայն՝ «Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ՀՀ կառավարության ամենամյա մրցանակներ սահմանելու և շնորհելու մասին» որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու համար նախատեսված փաստաթղթերը 2-օրյա ժամկետում պետք է տրամադրվեին ՀՀ արդյունաբերողների և գործարարների միությանը՝ հետագա աշխատանքներում ներառելով նաև միության առաջարկները:
Նշվեց, որ հանձնարարականը կատարված է, միությունը ակտիվորեն մասնակցել է հիշյալ նախագծերի մշակմանը:
Զարգացման հայկական գործակալությանը հանձնարարված էր խորհրդի առաջիկա նիստում ներկայացնել ԳԱԽ-ի տարեկան հաշվետվության լրամշակված տարբերակը: Այն ներկայացվեց և այսօրվա նիստում խորհուրդը հաստատեց:
Օրակարգի հարցերից, խորհրդի անդամների առաջարկով, հանվեց Առևտրի համաշխարհային կազմակերպությանը ՀՀ-ի անդամակցության գործընթացի վերաբերյալ տեղեկատվությունը լսելու հարցը, որպեսզի այն մանրամասն քննարկվի խորհրդի գործարար համայնքի ընդլայնված կազմով հանդիպմանը: Այն կրում է «28-ի ակումբ» պայմանական անունը: Դրանից հետո, ԳԱԽ-ի հաջորդ նիստում նույն կազմի մասնակցությամբ կլսվի նշված տեղեկատվությունը և գործարարները հնարավորություն կունենան հանդես գալ գործընթացում առկա դժվարությունների քննարկմամբ ու դրանց լուծման ուղղությամբ առաջարկներով:
Այնուհետև խորհուրդը քննարկեց ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության ներկայացրած առաջարկը՝ «Գործարարությանը պետական պարգևներով պարգևատրելու համար համապատասխան մեդալ սահմանելու մասին» ԳԱԽ-ի որոշման նախագծի, ինչպես նաև 2002թ. Ալեքսանդր Մանթաշյանի 160-ամյակը պատշաճորեն նշելու վերաբերյալ:
Խորհուրդը որոշեց պարգևատրման հարցում հստակ չափորոշիչների ներդրման՝ գործարարների առաջարկները հաջորդ նիստում լսել և անհրաժեշտության դեպքում ներկայացնել ՀՀ նախագահին:
Վարչապետը հանձնարարեց նաև մինչև հաջորդ նիստը, որը կհրավիրվի փետրվարի վերջին, հստակեցնել Ա. Մանթաշյանի 160-ամյակը նշելու միջոցառումների առաջարկները:
ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանը և ԶՀԳ-ին հանձնարարվեց գործարարության աջակցման խորհրդի տարեկան հաշվետվությունը, խորհրդի աշխատանքի վերաբերյալ մանրամասները ներկայացնել կառավարության և ԶՀԳ-ի ինտերնետային էջերում՝ հնարավորություն տալով նաև դրանց միջոցով ակտիվացնելու գործարարների կապը կառավարության և ԳԱԽ-ի հետ: