երկուշաբթի, 17 սեպտեմբերի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 15-ի երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Վայոց Ձորի մարզ` Ջերմուկ քաղաքում ծանոթացել ճոպանուղու և քաղաքի համար մի շարք այլ կարևոր շինարարությունների իրականացման ընթացքին: Մինչ այդ, սակայն, վարչապետը եղել է Արարատի մարզի Վեդի և Ուրցաձոր բնակավայրերի հյուսիս-արևելյան կողմում գտնվող Այգեվան համայնքի «Աղբուլակ» կոչվող տեղամասում, որտեղ արձանագրվել են մեծ չափերի հասնող, զարգացման վտանգավոր բնույթով սողանքային երևույթներ: Ըստ մասնագիտական եզրակացության, սողանքի արդյունքում տեղի է ունեցել ռելիեֆի զգալի փոփոխություն, շարքից դուրս է եկել շրջակա բնակավայրերի` Վեդիի, Ուրցաձորի, Դաշտաքարի, Ջերմանիսի ջրամատակարարման խողովակաշարը: Ծածկվել և շահագործումից դուրս է եկել նաև Վեդի գետի առափնյա Վեդի-Մարտունի ավտոճանապարհի «Կարակայուն» հատվածը` մոտ 5 կմ երկարությամբ:
Ստեղծված իրավիճակին տեղում ծանոթանալուց հետո, վարչապետը ՀՀ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների համապատասխան պաշտոնյաներին հանձնարարել է կենտրոնացնել բոլոր հնարավորությունները` վթարված ավտոճանապարհի վերականգնման, սողանքային երևույթներից տուժած բնակավայրերի ջրամատակարարման և առաջնահերթ այլ խնդիրների արագ լուծման համար: