երկուշաբթի, 28 հունվարի 2002
Սիրելի հայրենակիցներ, Հայոց բանակի հրամանատարներ և զինվորներ
Հայոց բանակի կազմավորման 10-ամյակը մեր ժողովրդի, մեր անկախ պետության ամենանշանակալից տարեթվերից է: Մեր ժողովրդին պարտադրված արցախյան պատերազմի բոցերի մեջ, կամավոր երկրապահական ջոկատների ու կադրային սպաների ներդաշնակ միաձուլումից ծնված ազգային բանակը հայ ժողովրդի դարավոր երազանքների, ապրելու կամքի և ուժի վկայությունն էր: Կայացման տասնամյա այս ճանապարհը այն անցավ իր ակունքների մոտ կանգնած զորապետերի մեծագույն նվիրումի, մեր մայրերի անսահման համբերության, ընկերների ու եղբայրների քաջության և հերոսության շնորհիվ: Թանկ ու նվիրական կորուստները, Եռաբլուրում հանգչող մեր հերոս մարտիկների լուսեղեն շիրիմները միայն ամրացրին դեպի նպատակակետը տանող հավատն ու կոփեցին հաղթելու կամքը: Իսկ առջևից գնացող մերօրյա Սպարապետի՝ Վազգեն Սարգսյանի Գործն ու Խոսքը շունչ ու ոգի տվեցին նրա հաղթական երթին:
Այսօր մեր բանակը հուսալիորեն պաշտպանում է անկախ Հայաստանի պետական սահմաններն ու ժողովրդի անվտանգությունը արտաքին ոտնձգություններից: Բանակի հզորությունը մեզ նաև վստահություն է ներշնչում վաղվա օրվա, ապագայի նկատմամբ: Բայց մենք իրավունք չունենք հանգստանալու ձեռք բերածով: Չմոռանանք, որ ղարաբաղյան հակամարտությունը դեռ չի ավարտվել, ու նաև հայոց բանակի, նրա մարտական ոգու շնորհիվ է, որ Արցախն այսօր ամուր և անխոցելի է զգում իրեն:
Բանակի հզորության ամենամեծ երաշխիքը մեր անկախ պետականության ամրապնդումն է: Անկասկած, շատ կարևոր է համազգային հոգատարությունը բանակաշինության գործին, հայրենիքի և սփյուռքի առողջ ուժերի միասնությունն ու համախմբվածությունը մեր երկրի անվտանգության և պաշտպանունակության կարևորագույն խնդիրների լուծման գործում:
Շնորհավորելով բոլորիս հայոց բանակի 10-ամյա տարելիցի առթիվ, մաղթում եմ մարտունակության, համազգային միասնության և փառապանծ հաղթանակների նորանոր տասնամյակներ: