երկուշաբթի, 17 սեպտեմբերի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությանը` ԱՄՀ Արևելքի և Կենտրոնական Ասիայի վարչության փոխտնօրեն Լորենսո Պերեսի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում է նաև ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար տիկին Մարթա Կաստելո-Բրանկոն:
Ողջունելով հյուրերին` վարչապետը գոհունակություն է հայտնել Արժույթի միջազգային հիմնադրամի հետ Հայաստանի ամենօրյա, դինամիկ համագործակցությունից և շնորհակալություն հայտնել առկա խնդիրների լուծման գործում մեր երկրին ցուցաբերվող օժանդակության համար:
Պարոն Լորենսո Պերեսը նշել է, որ Հայաստանի տնտեսական զարգացման ցուցանիշները դրական են, և հիմնադրամը մեծ բավականությամբ է աշխատում ՀՀ կառավարության հետ: Ըստ նրա, մոտ ապագայում Հայաստանի հիմնական խնդիրն է լինելու անցումը զարգացման որակական նոր փուլի, որի բնորոշիչները կլինեն տնտեսական մրցակցության ապահովումն ու նոր ներդրումների ներգրավումը: Այդ գործընթացում նա կարևորել է, մասնավորապես, արդյունավետ կառավարումն ու հարկերի հավաքագրման մակարդակի բարձրացումը, ինչն իր հերթին, սերտորեն կապված է երկրում մրցակցության մեծացման, արդյունավետ պետական կառավարման և այդ գործընթացների թափանցիկության ապահովման հետ:
Պարոն Լորենսո Պերեսը վարչապետից հետաքրքրվել է Հայաստանի տնտեսության ներկա վիճակի, առկա մարտահրավերների, դրանց հաղթահարման ուղիների և զարգացման հեռանկարների մասին:
Նշելով, որ ՀՀ կառավարության ծրագրում հարկերի հավաքագրման որոշակի ցուցանիշներ են նախանշվել, Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ այդ ուղղությամբ հնարավոր կլինի նախատեսվածից առաջանցիկ տեմպեր արձանագրել: Նա ընգծել է, որ ՀՀ կառավարությունը վճռական է լրացուցիչ ջանքեր գործադրելու նաև ՀՆԱ-ի կառուցվածքում որոշակի փոփոխություններ իրականացնելու հարցում: Ըստ վարչապետի, այդ առումով մեծ հնարավորություններ կան, մասնավորապես, գյուղատնտեսության, արդյունաբերության բաժինը մեծացնելու, Ֆինանսական հատվածի չափն ավելացնելու համար:
ԱՄՀ-ի հայաստանյան առաքելության ղեկավար տիկին Մարթա Կաստելո-Բրանկոն իր տեսակետներն է արտահայտել մի շարք խնդիրների շուրջ, միաժամանակ գոհունակություն հայտնելով ՀՀ-ում ֆինանսական շուկայի` ֆինանսական միջնորդությունների համակարգի կայացման վերաբերյալ, նաև խոսել կապիտալի շուկայի զարգացման, փոքր ու միջին ձեռնարկատիրությանն աջակցության մեծացման մասին:
Հանդիպման ժամանակ պարոն Լորենսո Պերեսը նշել է, որ Հայաստանի հետ ԱՄՀ-ի գործառույթների շրջանակում է եղել նաև Հայաստանում ԱՀՌԾ-ի իրականացման շուրջ համագործակցությունն ու ծրագրի իրագործման ընթացքի հերթական ստուգումների անցկացումը, որը կավարտվի 2008թ. գարնանը: Նա ՀՀ վարչապետից հետաքրքրվել է ԱՄՀ-ի հետ ՀՀ կառավարության փոխգործակցության հետագա ծրագրերի մասին:
Այդ հարցի առնչությամբ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը մշտապես ունի աջակից գործընկերների հետ համագործակցությունը շարունակելու և զարգացնելու կարիք ու անհրաժեշտություն: