չորեքշաբթի, 19 սեպտեմբերի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Երևան ժամանած Իտալիայի պատգամավորական պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ումբերտո Ռանիերիին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Գոհունակություն հայտնելով վերջին շրջանում Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունների ակտիվացման կապակցությամբ, վարչապետը նշել է, որ պատմական խոր արմատներ ունեցող այդ հարաբերություններն ամուր հիմքերի վրա են և զարգացման լավ հեռանկարներ ունեն ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական, մշակութային և այլ բնագավառներում: Դրանում կարևորելով նաև բարձր մակարդակի փոխայցելությունների դերը, նա վստահություն է հայտնել, որ իտալական պատվիրակության այս այցը ևս կնպաստի երկկողմ կապերի հետագա խորացմանը:
Ումբերտո Ռանիերին իր հերթին բարձր է գնահատել ժողովրդավարության, իրավական պետության կառուցման, տնտեսական զարգացման, ինչպես նաև ԵՄ նոր հարևանության ռազմավարության շրջանակներում Եվրամիության հետ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ Հայաստանում գործադրվող ջանքերը: Նա հույս է հայտնել, որ Եվրամիությանն ինտեգրման գործընթացը կարող է նպաստել ոչ միայն այդ ճանապարհն ընտրած երկրների ընդհանուր առաջընթացին, այլև տարածաշրջանային հիմնախնդիրների, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ու հարևան պետությունների հետ Հայաստանի հարաբերությունների բարելավմանը: Պարոն Ռանիերին վարչապետից հետաքրքրվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումների, հարևան պետությունների` մասնավորապես, Թուրքիայի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունների ներկա վիճակի մասին:
Վարչապետ Սերժ Սարգսյանը մեկ անգամ ևս հավաստել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հայկական կողմի դիրքորոշումը, հույս հայտնելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ընթացող բանակցային գործընթացում, ի վերջո, հնարավոր կլինի գտնել այնպիսի տարբերակ, որը հնարավորություն կտա Լեռնային Ղարաբաղի բնակչությանը` անվտանգ ապրելու իր պատմական հայրենիքում: Անդրադառնալով Հայաստան- Թուրքիա հարաբերությունների խնդրին, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը միշտ էլ հանդես է եկել առանց նախապայմանների երկու երկրների միջև հարաբերությունների հաստատման օգտին, ինչին, ըստ նրա, մեծապես կարող է նպաստել նաև Եվրամիությունը` ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացի շրջանակներում: Վարչապետը նշել է, որ Հայաստանն այսօր ակտիվորեն համագործակցում է նաև ՆԱՏՕ-ի հետ` վստահություն հայտնելով, որ դա կխթանի ՆԱՏՕ-ի անդամ պետությունների, այդ թվում նաև Իտալիայի հետ քաղաքական, տնտեսական, ռազմական, մշակութային և այլ բնագավառներում երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը: «Մենք ցանկություն ունենք զարգացնելու մեր երկիրը և դրանում մշտապես ակնկալում ենք մեր բարեկամ պետությունների աջակցությունը»,- ասել է վարչապետը: