հինգշաբթի, 20 սեպտեմբերի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի ուղերձը Հայոց լեզվի և գրականության համահայկական երրորդ օլիմպիադայի և Հայագիտական գիտելիքների մրցույթի մասնակիցներին
Սիրելի պատանիներ ու աղջիկներ,
Շնորհավորում եմ ձեզ` Մայր հայրենիքում արդեն երրորդ անգամ կազմակերպվող Հայոց լեզվի և գրականության համահայկական օլիմպիադային և Հայագիտական գիտելիքների մրցույթին մասնակցելու կապակցությամբ:
Շուրջ մեկ շաբաթ անընդհատ ձեզ հետ էին հայոց լեզուն ու գրականությունը, հայոց պատմությունն ու հայկական արվեստը: Հայրենիքի սրտում` դուք ամբողջովին պարուրված էիք հայրենասիրության ոգով: Համոզված եմ` սրանք իսկապես անմոռանալի օրեր էին:
Դուք շատ բան իմացաք այսօրվա Հայաստանի մասին, հանդիպեցիք ձեր հասակակիցներին: Ես խնդրանք ու հորդոր ունեմ ձեզ. հետ վերադառնալով` անպայման ու շատ մանրամասն պատմեք ձեր ընկերներին հայրենիքի մասին, պատմեք այն ամենը, ինչ տեսել ու լսել եք, և թող ձեր միջոցով շատ ու շատ հայ երիտասարդներ տեղեկանան իրենց պապերի երկրի` Հայաստան պետության մասին:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ և ասում` հայրենիքի դռները միշտ բաց են ձեր առջև: