հինգշաբթի, 20 սեպտեմբերի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության հռչակման 16-րդ տարեդարձի առթիվ
Հարգելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս` Հայաստանի Հանրապետության անկախության 16-րդ տարեդարձի կապակցությամբ:
Հայ ժողովրդի դարավոր երազանքը` անկախ Հայաստանի գոյությունը, արդեն 16-ամյա պատմություն ունի: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին մենք բացեցինք հայոց պատմության նոր էջը, որն այսօր բոլորս միասին ենք գրում: Հաղթանակած պատերազմ, հաղթահարված ճգնաժամ ու բարձր տնտեսական աճ, ժամանակակից պետությանը բնորոշ ինստիտուտներ, զարգացող հասարակական-քաղաքական միջավայր ու վերելքի մե՜ծ ներուժ. ահա թե ինչ է արդեն իսկ գրված այդ էջում: Շատ ավելին է գրված այդ էջում: Բայց և համոզված եմ` միասին մենք դեռ բազմաթիվ տողեր ենք ավելացնելու այս «գրառումներին»:
Եղել են ու կան դժվարություններ` անօթևան ընտանիքներ, աղքատություն, կոռուպցիա, ոտնահարված իրավունքներ: Տխրել ու պայքարել ենք նման երևույթների դեմ, բայց միշտ սիրել ենք մեր պետությունը: Սիրել ենք սթափ: Եվ հենց այդ սթափությունն է, որ շարունակում է մեզնից պահանջել սատար լինելու մեր պետության հետագա վերելքին` մեր աշխատասիրությամբ, մեր սրտացավությամբ ու նվիրումով:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Անկախության տոնի առթիվ` անկեղծ հավատով, որ գալիք բոլոր հաղթանակները կայանալու են հանուն և ի փառս Հայաստանի Հանրապետության: