երկուշաբթի, 24 սեպտեմբերի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Անգլիկան եկեղեցու պետ Քենթրբերիի արքեպիսկոպոս դոկտոր Ռոուան Ուիլիամսին և Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են եկեղեցի-պետություն փոխհարաբերություններին, Հայոց և Անգլիկան եկեղեցիների ու երկու ժողովուրդների միջև բարեկամական կապերի խորացմանը, հասարակության հոգևոր դաստիարակության ու կրթության գործում եկեղեցու դերին և այլ հարցերի:
Վարչապետը նշել է, որ Հայոց եկեղեցին դարերի ընթացքում անփոխարինելի դերակատարություն է ունեցել հայ ժողովրդի կյանքում և այսօր էլ` անկախ պետականության վերականգնումից հետո, պետության հետ համագործակցությամբ, եկեղեցին շարունակում է կարևոր դերակատարություն ունենալ պետականաշինության գործում:
Եկեղեցու և պետության միջև նման փոխըմբռնումը համարելով անչափ կարևոր, Քենթրբերիի արքեպիսկոպոսն ընդգծել է, որ Անգլիկան և Հայոց եկեղեցիների միջև ևս բարեկամական կապերը դարերի պատմություն ունեն: Նա հավաստել է դրանք այսուհետ շարունակելու և զարգացնելու Անգլիկան եկեղեցու պատրաստակամությունը. «Մենք նվիրված և հաստատուն ենք մեր եկեղեցիների բարեկամության մեջ», - ընդգծել է Քենթրբերիի արքեպիսկոպոսը: Նա գոհունակություն է հայտնել նաև իր առաջնորդած եկեղեցու և Անգլիայում գործող Հայոց եկեղեցու ու հայ համայնքի հետ հարաբերությունների վերաբերյալ:
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, իր հերթին, շնորհակալություն հայտնելով Հայաստանի իշխանություններին` եկեղեցու նկատմամբ ունեցած վերաբերմունքի և աջակցության համար, ընդգծել է, որ այդ հարաբերությունները բանաձևված են նաև ՀՀ օրենքով: Իր խոսքում Վեհափառ Հայրապետը ևս հաստատել է Անգլիկան եկեղեցու հետ հարաբերությունները զարգացնելու և խորացնելու Հայոց եկեղեցու պատրաստակամությունը:
Զրույցի ընթացքում Քենթրբերիի արքեպիսկոպոսը ՀՀ վարչապետից հետաքրքրվել է նաև Եվրամիության հետ Հայաստանի ինտեգրման գործընթացի, հարևան պետությունների, այդ թվում` Թուրքիայի հետ մեր երկրի հարաբերությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի վերաբերյալ: