ուրբաթ, 28 սեպտեմբերի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և արտերկրում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարներին, որոնք Երևանում են գտնվում ամենամյա հավաքի առիթով:
Հանդիպման ժամանակ վարչապետը նշել է, որ խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացումից հետո, լավ հնարավորություններ են բացվել արտերկրում մեր երկիրը լավագույնս ներկայացնելու և շահեկան պայմաններ ստեղծելու համար: Այդ նպատակով, նա կարևորել է դիվանագիտական կորպուսի աշխատանքի առավել ակտիվացումը: Կառավարության ղեկավարը դիվանագետների ուշադրությունն է հրավիրել երկու կարևոր խնդրի վրա` այլ պետություններում ՀՀ քաղաքացիների իրավունքների ու հայկական ընկերությունների շահերի պաշտպանության ուղղությամբ աշխատանքի ակտիվացումը և տնտեսական հարցերով այսուհետ ավելի նպատակային ու ակտիվ գործունեություն ծավալելը: Սերժ Սարգսյանը նշել է դեսպանությունների կողմից որոշակի ծրագրերի, նոր նախաձեռնությունների ներկայացման անհրաժեշտությունը: Վարչապետը, Հայաստանի տնտեսական զարգացման կարևոր պայմաններից է համարել արտասահմանյան խոշոր ընկերությունների լայն ներգրավվածությունը մեր երկրի տնտեսության մեջ, որոնք, ըստ նրա, բերում են որոշակի ոլորտներում գործունեություն ծավալելու իրենց հարուստ փորձը, ստեղծում նոր աշխատատեղեր և կարող են նպաստել Հայաստանի նկատմամբ իրենց պետությունների հետաքրքրության աճին ու համակրանքին:
Վարչապետը վստահեցրել է, որ կառավարությունն անում է հնարավորը` արտերկրում մեր դիվանագիտական ներկայացուցչությունների համար աշխատանքային բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով` ընդգծելով, որ ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից 2008թ. համար արված գրեթե բոլոր առաջարկությունները հաշվի են առնվել և արտացոլված են ՀՀ պետական բյուջեի նախագծում. «Ըստ այդմ, մեծ են նաև իրականացվելիք աշխատանքից կառավարության ակնկալիքները», - նշել է վարչապետը, - հավելելով, որ իհարկե, բոլոր խնդիրները միանգամից չեն կարող լուծվել, սակայն երկրի տնտեսական աճին համընթաց, առաջնահերթ հարցերը լուծում կստանան:
Հանդիպման ժամանակ վարչապետը պատասխանել է դիվանագետներին հետաքրքրող հարցերին, լսել նրանց տեսակետները` կառավարության հետ համագործակցված աշխատելու դեպքում, ցանկալի արդյունքների հասնելու վերաբերյալ:
ՀՀ արտաքին գործերի նախարարը և դեսպանները շնորհակալություն են հայտնել վարչապետին և կառավարությանը` իրենց գործունեության ընթացքում մշտական ուշադրություն և աջակցություն ցուցաբերելու համար: