ուրբաթ, 28 սեպտեմբերի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Պանայոտա Մավրոմիխալիին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Շնորհակալություն հայտնելով դեսպանին` պաշտոնավարման շրջանում Հայաստանի և Հունաստանի միջև հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված ջանքերի համար, վարչապետը համոզմունք է հայտնել, որ երկու ժողովուրդների միջև գոյություն ունեցող բարեկամական կապերն ու հարաբերությունները լավ հիմք են երկկողմ համագործակցությունն ավելի բարձր մակարդակի հասցնելու համար: Նա ընդգծել է, որ վերջին տարիներին, մեծապես նաև տիկին Մավրոմիխալիի ջանքերի շնորհիվ, այդ ուղղությամբ որոշակի առաջխաղացում է արձանագրվել, մասնավորապես, ավելացել են ապրանքաշրջանառության ծավալները, որոնք դեռևս բավարար համարել չի կարելի, և անհրաժեշտ է այս ուղղությամբ երկկողմանի նպատակադրված ու ակտիվ աշխատանք տանել: Ըստ վարչապետի, չնայած երկու երկրների տնտեսական կապերի ամրապնդման գործում գոյություն ունեցող տրանսպորտային խոչընդոտներին, փոխգործակցությունն այդ ոլորտում հնարավոր է հասցնել երկուստեք ցանկալի բարձր մակարդակի:
Սերտ համագործակցության և Հայաստանում իրեն ցուցաբերված ջերմ ընդունելության համար, դեսպան Պանայոտա Մավրոմիխալին երախտագիտություն է հայտնել Հայաստանի ժողովրդին ու իշխանություններին, նշելով, որ իր պաշտոնավարման ընթացքում, հնարավորության սահմաններում, ջանքեր է գործադրել երկու պետությունների ու ժողովուրդների միջև հարաբերություններն ավելի սերտացնելու համար: Ըստ նրա, այդ նպատակին են ուղղված եղել, մասնավորապես, Հայաստանի և Հունաստանի նախագահների փոխայցելությունների կազմակերպումը, հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացումը Երևանում, որոնք նպաստել են երկու երկրների միջև քաղաքական և տնտեսական կապերի ակտիվացմանը:
Ընդգծելով, որ մինչ այժմ Հունաստանը մի շարք զարգացման ծրագրեր է իրականացրել Հայաստանում, դեսպանը վարչապետին տեղեկացրել է, որ ներկայումս Հունաստանում մշակվում է Հայաստանի հետ համագործակցության քառամյա ծրագիր, որը նախատեսվում է սկսել 2008թ.-ից:
Զրույցի ընթացքում կարևորելով նաև երկու երկրների գործարար շրջանակների միջև շփումների ակտիվացումը, դեսպանը հավաստիացրել է, որ ներկայումս հունական գործարարների կողմից մեծ հետաքրքրություն է նկատվում Հայաստանի իրենց գործընկերների հետ գործնական կապերի հաստատման նկատմամբ:
Տիկին Պանայոտա Մավրոմիխալին նշել է, որ շատ լավ տպավորություններով է հեռանում Հայաստանից և այսուհետ ինչ պաշտոն էլ զբաղեցնի, աշխատելու է իր նպաստը բերել հայ-հունական հարաբերությունների հետագա զարգացմանը:
Հանդիպման ավարտին վարչապետ Սերժ Սարգսյանը հաջողություն է մաղթել տիկին Պանայոտա Մավրոմիխալիին հետագա դիվանագիտական աշխատանքում: