ուրբաթ, 28 սեպտեմբերի 2007
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ս. Տեր-Սիմոնյանը:
Հանձնաժողովը քննարկել է 6 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Գյումրի քաղաքի ծածկած լողավազանի օդափոխության համակարգի բարելավում», Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կաթսայատան սարքավորումների մոնտաժման և մոնտաժման հետ կապված շինարարական աշխատանքների կատարում», «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող ՀՀ Շիրակի մարզի Բենիամին գյուղի ներքին ջրագծի վերանորոգում» և «ՀՀ Շիրակի մարզի Մեղրաշատ գյուղի ներքին ջրագծի վերանորոգում» ծրագրերը:
Հաստատվել են նաև «Վորլդ Վիժն Ինտերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող «Խաղահրապարակի կառուցում ՀՀ Գեղարքունիքի մարզի Սարուխանի համայնքի N 2 մանկապարտեզի բակում» և «Լոռու մարզի Ալավերդի քաղաքի N 13 մանկապարտեզի վերանորոգում», «Կամրջակ» սոցիալ-բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Արարատի մարզի Ջրահովիտ գյուղի խմելու ջրի ջրագծի կառուցում» ծրագրերը:
Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր: