հինգշաբթի, 4 հոկտեմբերի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Ժան Պոլ Կոստային և նրա գլխավորած պատվիրակությանը, որը մեր երկրում է գտնվում հոկտեմբերի 5-6-ին սահմադրական արդարադատության հիմնախնդիրներին նվիրված երևանյան միջազգային 12-րդ խորհրդաժողովին մասնակցելու նպատակով: Այն անցկացվում է ՀՀ ՍԴ-ի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, Եվրախորհրդի «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) և «Երիտասարդ ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների կոնֆերանս» միջազգային կազմակերպության կողմից:
Վարչապետը ողջունել է մարդու իրավունքների ապահովմանն ու պաշտպանությանը միտված նմանօրինակ տարբեր միջոցառումների անցկացումը, որը հնարավորություն է ընձեռում ծանոթանալ ժողովրդավարության հաստատման ուղղությամբ երկար ճանապարհ անցած երկրների փորձին և օգտվել դրանից:
Եվրոպական դատարանի նախագահ Ժան Պոլ Կոստան ևս կարևորել է երևանյան խորհրդաժողովը` իր այցը մեր երկիր պայմանավորելով նաև այդ միջոցառման կարևորությամբ. «Հայաստանն առաջին երկիրն է, որտեղ ի պաշտոնե այցելել եմ: Հայաստանը մի երկիր է, որը ձգտում է բարելավել իր դատական համակարգը և մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված դատաիրավական բարեփոխումներ է նախաձեռնել»,- նշել է պարոն Ժան Պոլ Կոստան, հավելելով, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը խրախուսում է այդ գործընթացները:
Վարչապետի հետ հանդիպմանը Եվրոդատարանի նախագահը խոսել է «Մարդու իրավունքների ապահովման և պաշտպանության բնագավառում սահմանադրական դատարանների և մարդու իրավունքների պաշտպանների համագործակցության միջազգային փորձը» թեմայով խորհրդաժողովում քննարկվելիք հարցերի շուրջ, դրանց վերաբերյալ մտքեր փոխանակել վարչապետի հետ:
Հանդիպման ավարտին Սերժ Սարգսյանը հաջողություններ է մաղթել երևանյան խորհրդաժողովի աշխատանքներին: