երեքշաբթի, 9 հոկտեմբերի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստի մասնակիցներին:
Ողջունելով առաջին անգամ մեր երկրում անցկացվող ԱՊՀ երկրների գլխավոր դատախազների հավաքի մասնակիցներին, ինչպես նաև շնորհավորելով ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային` համակարգող խորհրդի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, վարչապետը վստահություն է հայտնել, որ համակարգող խորհրդի նիստի որոշումները կնպաստեն ԱՊՀ պետությունների իրավապաշտպան մարմինների միջև կապերի հետագա ամրապնդմանն ու համագործակցության ընդլայնմանը: Սերժ Սարգսյանը գոհունակություն է հայտնել, որ նախկին խորհրդային երկրների իրավապաշտպան մարմինների միջև եղած կապերն ու հարաբերություններն այսօր էլ շարունակվում են, ինչը հնարավորություն է ընձեռում հանցավորության դեմ համատեղ պայքարի ոլորտում փոխգործակցության նոր, ավելի արդյունավետ ձևերի ու միջոցների որոնման համար:
Շնորհակալություն հայտնելով հայկական կողմին` ջերմ ընդունելության և ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստը Երևանում անցկացնելու հրավերի համար, խորհրդի նախագահ, ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան նշել է, որ խորհրդի նիստն անցել է բարձր մակարդակով, քննարկվել են ԱՊՀ անդամ բոլոր պետությունների գլխավոր դատախազությունների գործունեության հետագա կատարելագործման համար կարևոր հարցեր, քննարկումներն անցել են կառուցողական, բարեկամական մթնոլորտում: Նա ընդգծել է, որ նիստում առաջ են քաշվել նաև համակարգող խորհրդի գործունեությանը վերաբերող նոր գաղափարներ:
Հանդիպման ժամանակ կողմերը նման հավաքների կարևորությունն ընդգծել են նաև միմյանց իրավապաշտպան համակարգերում տեղի ունեցող բարեփոխումների փորձի փոխանակման տեսանկյունից, ինչը, ըստ նրանց, ժամանակակից արդյունավետ և գործուն դատաիրավական համակարգի ստեղծման լավագույն միջոցներից է: