հինգշաբթի, 11 հոկտեմբերի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի տեղակալի օգնական տիկին Դեբրա Քեյգանին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ռուդոլֆ Փերինան:
Կարևորելով ԱՄՆ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների և համագործակցության զարգացումը, վարչապետը գոհունակություն է հայտնել, որ վերջին տարիներին դրանք գնալով ընդլանվում և ամրապնդվում են: Հայաստանի կառավարության ղեկավարը երախտագիտություն է արտահայտել ԱՄՆ-ի կառավարության կողմից Հայաստանին տարբեր ոլորտներում, այդ թվում` պաշտպանության բնագավառում ցուցաբերվող օժանդակության համար: Վարչապետը բարձր է գնահատել հատկապես այս ընթացքում Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամի շրջանակներում մեր երկրին տրամադրվող աջակցությունը:
Տիկին Դեբրա Քեյգանը ևս նշելով երկու պետությունների միջև տարեցտարի համագործակցության զարգացումը, իր հերթին շնորհակալություն է հայտնել Իրաքում խաղաղապահ ուժերի կազմում հայկական զորախմբի գերազանց ծառայության համար, ինչին նա, իր խոսքերով, ականատես է եղել Իրաք կատարած այցի ընթացքում: Տիկին Քեյգանն ասել է, թե Վաշինգտոնում մեծ կարևորություն են տալիս և ակտիվորեն պատրաստվում են ՀՀ վարչապետի առաջիկա այցին, որի ընթացքում ևս կքննարկվեն տարբեր ոլորտներում փոխգործակցությանն առնչվող հարցեր: