հինգշաբթի, 11 հոկտեմբերի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգին և նրա գլխավորած պատվիրակությանը:
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն ասել է, թե ՀՀ վարչապետի հետ հանդիպումով ավարտվում է Հայաստանում իր 5-օրյա առաքելությունը, որի ընթացքում հասցրել է բավականաչափ այցելություններ ունենալ առաքելության շրջանակներում ներառված հաստատություններ, հանդիպել տարբեր բնագավառների ներկայացուցիչների հետ: ՀՀ կառավարության ղեկավարին նա ամփոփ ներկայացրել է իր տպավորությունները` ընդգծելով, որ դրանք շատ նախնական են, և Ստրասբուրգ վերադառնալուց հետո, կսկսվի զեկույցի նախապատրաստումը. «Եթե ինչ-որ խնդիրներ տեսնենք, կնայենք այլ երկրների փորձը, նրանց կողմից գտնված լուծումները, որպեսզի կարողանանք զեկույցի վերջնական տեքստում ողջամիտ առաջարկություններ ներկայացնել»,- ասել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը:
Պարոն Համարբերգի դիտարկմամբ, Հայաստանում իրավական դաշտը շատ մեծ զարգացում է ապրել հատկապես վերջին տարիներին և այժմ` բարեփոխումների այս փուլում, անչափ կարևոր է լուրջ ուշադրություն դարձնել օրենքների կիրառմանը: Մարդու իրավունքների պաշտպանության բնագավառի հետ կապված, նա ընդգծել է ազգային հաամպարփակ փաթեթի ընդունման անհրաժեշտությունը, որն իբրև հայեցակարգ` ամբողջական մոտեցում կցուցաբերի այդ բնագավառի խնդիրներին: Նշելով, որ դա Եվրոպայում տարածում գտած մոտեցում է, ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարն ասել է, թե սահմանելով գործողությունների հաջորդականություն և ժամանակացույց, պլանավորված աշխատանքն իրականացնելու գործում այդպիսով հնարավոր կլինի խնայել ժամանակ և էներգիա:
Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ այս բնագավառում հաջողություններ արձանագրելու երկուստեք ցանկություն և համագործակցության պատրաստակամություն կա: