ուրբաթ, 12 հոկտեմբերի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Եգիպտոսի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Վահիդ Ալ-Դին Իսմայիլ Գալալին:
Շնորհավորելով դեսպանին մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ` վարչապետը վստահություն է հայտնել, որ իր գործունեությամբ նա կշարունակի հայ-եգիպտական հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ վերջին տարիներին ակտիվ զարգացող երկխոսությունը: Նշելով, որ երկու երկրների միջև հարաբերությունները բավականին բարձր մակարդակի վրա են, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ դա նաև պարտավորեցնում է` ակտիվացնելու ջանքերը հատկապես առևտրատնտեսական ոլորտում համագործակցությունն էլ ավելի խորացնելու համար:
Նշելով, որ հայ-եգիպտական բարեկամական հարաբերությունները դարավոր պատմություն ունեն, դեսպան Վահիդ Գալալը երկու երկրների ու ժողովուրդների միջև երկխոսության զարգացման գործում կարևորել է նաև Եգիպտոսի հայ համայնքի դերը, որի բազմաթիվ ներկայացուցիչներ, ըստ նրա, մշտապես ակտիվ դերակատարություն են ունեցել երկրի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում: Դեսպանը բարձր է գնահատել հայ-եգիպտական փոխգործակցությունը նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում և շնորհակալություն է հայտնել իր երկրին վերաբերող կարևոր հարցերում հայկական կողմի ցուցաբերած աջակցության համար: ՀՀ վարչապետը, իր հերթին, նշել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրում մինչ այժմ Եգիպտոսի ցուցաբերած հավասարակշռված դիրքորոշման կարևորությունը:
Անդրադառնալով երկկողմ առևտրատնտեսական համագործակցությանը, զրուցակիցներն արձանագրել են, որ այն չի համապատասխանում երկու երկրների միջև գոյություն ունեցող քաղաքական հարաբերությունների մակարդակին, միաժամանակ ընդգծելով, որ երկուստեք դեռևս չօգտագործված մեծ հնարավորություններ կան կարևորագույն այդ ոլորտում փոխգործակցությունն ակտիվացնելու համար: Այդ հարցում նրանք ընդգծել են Հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի դերը, որի առաջիկա նիստը նախատեսվում է հրավիրել այս տարվա դեկտեմբերին: Հայաստանի ու Եգիպտոսի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման համար կողմերը կարևոր են համարել, մասնավորապես, գյուղատնտեսության, դեղագործության և այլ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման, ուղիղ չվերթների իրականացման, ներդրումների մեծացման անհրաժեշտությունը: Դեսպան Վահիդ Գալալը վարչապետին է փոխանցել նաև եգիպտական կողմի առաջարկը` Հայաստանում եգիպտական առևտրի կենտրոն ստեղծելու վերաբերյալ: Ընդգծվել է փոխադարձ տեղեկատվական դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը ևս` Հայաստանն ու Եգիպտոսը միմյանց առավել ճանաչելի դարձնելու նպատակով:
Հանդիպման ավարտին վարչապետ Սերժ Սարգսյանը հաջողություն է մաղթել դեսպանին` հավաստիացնելով, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է քննարկելու երկկողմ համագործակցության ընդլայնմանն ուղղված եգիպտական կողմի բոլոր առաջարկությունները և աջակցելու դրանց իրականացմանը: