ուրբաթ, 12 հոկտեմբերի 2007
Այսօր ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի մոտ տեղի ունեցած քննարկման ժամանակ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետը և ՀՀ ԿԲ-ի նախագահը վարչապետին ներկայացրել են ս.թ. սեպտեմբերի 17-ին «Հայփոստ» ՓԲԸ-ի խնդիրներին նվիրված խորհրդակցության ժամանակ վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Մասնավորապես, քննարկվել է «Հայփոստի» գործունեության ընթացքում ծագած խնդրահարույց հարցերից մեկի` «Նամականիշ» ՓԲԸ-ի կողմից ժամանակին թողարկված նամականիշները «Հայփոստ» ՓԲԸ-ին անհատույց հանձնելու և «Նամականիշ» ՓԲԸ-ն լուծարելու վերաբերյալ տրված հանձնարարականի կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքը: Նշվել է, որ այս ընթացքում շահագրգիռ կողմերը խորհրդակցության և քննարկումների արդյունքում վերոնշյալ հարցերի վերաբերյալ եկել են համաձայնության: Վարչապետի մոտ այնուհետ անդրադարձ է արվել նամականիշներն անհատույց «Հայփոստին» հանձնելու, ինչպես նաև «Նամականիշ» ընկերությունը մինչև 2008թ. ապրիլի 30-ը (երբ լրանում է «Նամականիշ» ընկերության և «Էլինետ Էնթերփրայզիս» ՍՊԸ-ի միջև բացառիկ իրավունքով կնքված առաքման պայմանագրի ժամկետը) լուծարելու առաջիկա աշխատանքներին:
Նշվել է, որ հավատարմագրային կառավարման հանձնված «Հայփոստի» կողմից պայմանագրային պարտավորությունները ժամանակին և պատշաճ կատարելու, այդպիսով ՀՀ քաղաքացիներին որակյալ ծառայություններ մատուցելու կարևորությունից ելնելով` ՀՀ կառավարությունը, իր իրավասությունների շրջանակում, կաջակցի առկա խնդիրների լուծմանը: