ուրբաթ, 15 փետրվարի 2002
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ տեղի ունեցավ վարչապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի նիստ: Քննարկվեց ՀՀ նախարարությունների և մարզպետարանների կողմից 2001 թ. երիտասարդության ոլորտին վերաբերող ծրագրերի և միջոցառումների կատարողականը: Ըստ ԵՀ խորհրդի նախագահ Վահրամ Բարսեղյանի, բոլոր ոլորտների գծով տարեկան ծրագրերի համար նախատեսված բյուջետային միջոցները ծախսվել են ամբողջությամբ և արդյունավետորեն, միջոցառումները կատարվել են նախանշված ժամկետներում: Հաշվետվության մեջ և քննարկման ընթացքում ԵՀ խորհրդի մեկամյա գործունեության կարևոր արդյունքների թվում նշվեցին «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամի հիմնումը, մի շարք մարզերում, ինչպես նաև ԼՂՀ-ում երիտասարդական կենտրոնների, պետական և ոչ պետական բուհերում ուսանողական խորհուրդների ստեղծումն ու դրանց աշխատանքների համակարգումը, թափառաշրջիկ երեխաների հիմնախնդրի լուծման ուղղությամբ կատարված գործնական քայլերը, բյուջետային և հիմնադրամի միջոցներով կրթության, մշակույթի, սպորտի և այլ ոլորտներում, երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության բնագավառում իրականացված միջոցառումները և այլն: Նշվեց, որ հիմնականում օբյեկտիվ պատճառներով ժամանակին չեն իրագործվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գծով՝ մասնավորապես կրթական ոլորտում ծրագրված որոշ համատեղ միջոցառումներ, ինչպես նաև Երևանում ուսանողական քաղաքի հիմնումը, որոնց ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:
Նիստում հատկապես կարևորվեց «Երիտասարդության մասին» օրենքի նախապատրաստումը՝ երիտասարդություն-պետություն հարաբերություններն առավել կանոնակարգելու տեսակետից; Օրինագծի ստեղծման աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին: Նշվեց քննարկումների այս փուլում երիտասարդության հարցերով շահագրգիռ պետական, հասարակական, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների լայն ու ակտիվ մասնակցության ապահովման անհրաժեշտությունը:
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանձնարարեց մեծ ուշադրություն հատկացնել երիտասարդության հետ տարվող աշխատանքների ապակենտրոնացմանը, դրանց ծավալմանը ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում, խորհրդի սերտ համագործակցության հաստատմանը տեղական կառավարման մարմինների հետ: Վարչապետը նշեց նաև երիտասարդության հետ տարվող աշխատանքներում մարզային-հանրապետական-միջազգային կառույցների կապի ապահովման, այդ շրջանակում աշխատանքների համակարգման անհրաժեշտությունը, հանձնարարեց խորհրդի գործունեությունը դարձնել ավելի հրապարակային: Ըստ վարչապետի, անցած մեկ տարում խորհրդի կատարած աշխատանքի արդյունքներն ու տեմպերը բավարար են, դրական միտումները՝ նկատելի: Հաշվի առնելով այդ ամենը, վարչապետը խորհրդի տարեկան գործունեությունը գնահատեց բավարար:
ՀՀ վարչապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի հաջորդ նիստում կքննարկվի խորհրդի 2002 թ-ին իրականացվելիք միջոցառումների ծրագիրը: