ուրբաթ, 15 փետրվարի 2002
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Համաշխարհային բանկի՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում համագործակցության գծով ծրագրի պատասխանատու տիկին Ջուդիթ Դինի գլխավորած պատվիրակությանը, որը տարածաշրջանային այցով արդեն եղել է Վրաստանում և Ադրբեջանում: Հայաստանի կառավարության հետ հանդիպման նպատակը, ինչպես հարևան երկու հանրապետություններում, ՀԲ-ի նոր ծրագրի ներկայացումն ու քննարկումն է, որպեսզի փոխադարձ համաձայնություն ստեղծվի դրանում ներգրավվող երկրների միջև: Բանկը, ըստ նրա ներկայացուցիչների, աշխատում է խթանել տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը Հարավային Կովկասի երկրների փոխադարձ հետաքրքրության շրջանակներում, և ուսումնասիրության բնագավառներից մեկը, որտեղ բավականին առաջընթաց է նկատվում, առևտրի խթանումն է, այդ նպատակով նաև տրանսպորտային հաղորդակցության հնարավորությունների լավագույնս օգտագործումը: Ծրագիրը, որն ուղղակիորեն կոչվում է Առևտրի խթանման ծրագիր, ըստ տիկին Ջուդիթի, հավանության է արժանացել Վրաստանի և Ադրբեջանի կառավարությունների կողմից: Նա նշեց նաև, որ ՀԲ-ն դիտարկում է ծրագրի տարածաշրջանային կենտրոն ստեղծելու խնդիրը ևս:
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ողջունեց տարածաշրջանային զարգացմանն ուղղված այս կարևոր նախաձեռնությունը, վստահեցնելով, որ Հայաստանի կառավարությունն ակտիվորեն կներգրավվի ծրագրի իրագործմանը, որը սակայն, ըստ նրա, չպետք է ինքնանպատակ լինի: Վարչապետը կարևորեց մեր երկրի համար ծրագրի արդյունավետության խնդիրը, որը բացի տարածաշրջանի երկրների միջև համագործակցության բարենպաստ պայմանների ստեղծման ցանկությունից, որոշակի գործնական արդյունքներով պետք է արտահայտվի:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ծրագրի հետ կապված մի շարք մանրամասներ: ՀԲ պատվիրակության ղեկավարը տեղեկացրեց, որ մարտ ամսվա սկզբին Հայաստան կժամանի ՀԲ-ի հերթական առաքելությունը՝ ծրագրի հետ կապված որոշակի աշխատանքներ սկսելու նպատակով: