երեքշաբթի, 19 փետրվարի 2002
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց ՌԴ հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորեց ՀՀ և ՌԴ խորհրդարանների միջև համագործակցության զարգացմանն ուղղված ակտիվ ջանքերը, ՀՀ ԱԺ վերահսկիչ և ՌԴ հաշվիչ պալատների փորձի փոխանակումը, սերտ գործակցությունը, ինչը, ըստ կառավարության ղեկավարի, մեծապես կօգնի նաև երկու երկրների գործադիր իշխանություններին: Այս տեսանկյունից, Անդրանիկ Մարգարյանն ընդգծեց պետական միջոցների արդյունավետ ծախսման նկատմամբ վերոհիշյալ պալատների շահագրգռությունն ու այդ ուղղությամբ նրանց գործունեությունը: Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվեց այդ պալատների անկողմնակալությունն ու քաղաքականացվելուց զերծ մնալու անհրաժեշտությունը:
Քաղաքական բարձր մակարդակի սերտ գործակցությունից բացի, ՀՀ վարչապետը և ՌԴ հաշվիչ պալատի նախագահը առաջնահերթ համարեցին տնտեսական կապերի ամրապնդումն ու այդ ուղղությամբ ձեռք բերված որոշակի պայմանավորվածությունների վավերացումը և շուտափույթ իրագործումը: Անդրանիկ Մարգարյանը հույս հայտնեց, որ պրն. Ստեպաշինի այցն իր հերթին խթան կհանդիսանա այդ ոլորտում ակտիվացնելու ջանքերը:
Սերգեյ Ստեպաշինը ՀՀ վարչապետին համառոտ ներկայացրեց նաև 2001թ. Ռուսաստանի տնտեսության մեջ արձանագրված դրական տեղաշարժերը, առկա խնդիրները և դրանց լուծմանն ուղղված ծրագրերը: