Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 19 հոկտեմբերի 2007

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 18-ին, ԱՄՆ կատարած այցի շրջանակներում, Պենտագոնում հանդիպում է ունեցել Միացյալ Նահանգների պաշտպանության քարտուղար Ռոբերտ Գեյթսի հետ:

Զրույցի ընթացքում, նշելով Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը, վարչապետը գոհունակություն է հայտնել նաև երկկողմ ռազմաքաղաքական համագործակցության զարգացման կապակցությամբ և շնորհակալություն հայտնել ամերիկյան կողմին` Հայաստանի զինված ուժերին շարունակական օգնություն ցուցաբերելու համար:

Ռոբերտ Գեյթսն իր հերթին բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը Հակաահաբեկչական կոալիցիայում, ինչպես նաև հայկական ուժերի խաղաղարար առաքելությունն Իրաքում: Կողմերը քննարկել են Իրաքի վերականգնման աշխատանքներում Հայաստանի մասնակցության հետագա ուղիները, անդրադարձել են կոալիցիայի ջանքերը փոխլրացնելու նպատակով Աֆղանստանում հայկական կողմի մասնակցության հնարավորությանը:

Խոսելով հարավկովկասյան երկրներին ամերիկյան ռազմական օգնության հատկացման հարցի շուրջ, Սերժ Սարգսյանը, մասնավորապես, կարևորել է Հայաստանին և Ադրբեջանին հատկացվող ռազմական օժանդակության համաչափության պահպանման խնդիրը:

Ռոբերտ Գեյթսի խնդրանքով վարչապետ Սերժ Սարգսյանը անդրադարձել է նաև Հայաստանի կառավարության գործունեությանը, մասնավորապես, իբրև ՀՀ կառավարության կողմից ստանձնած երկու հիմնական մարտահրավեր՝ ՀՀ վարչապետն առանձնացրել է քաղաքական և տնտեսական բարեփոխումների արդյունավետ շարունակականության ապահովումն ու բնակչության սոցիալական խնդիրների ավելի արագ հաղթահարումը՝ նշելով, որ կառավարությունն ունի բավականաչափ կամք ու հնարավորություններ հասնելու այս նպատակներին:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության խնդրին՝ վարչապետ Սերժ Սարգսյանը վերահաստատել է, որ Հայաստանը մնում է փոխզիջումների միջոցով ԼՂ հիմնահարցի խաղաղ և արագ կարգավորման համոզված կողմնակիցը: Նա հույս է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող քննարկումները և երկխոսությունը կտան անհրաժեշտ արդյունք: Ռոբերտ Գեյթսը մեկ անգամ ևս վերահաստատել է, որ ԱՄՆ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հարցը խաղաղ կարգավորման տանելու ջանքերը:

ԱՄՆ պաշտպանության քարտուղարի հետ հանդիպումից հետո, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը մեկնել է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի կենտրոնակայան, որտեղ կայացել է Հայաստանի կառավարության ղեկավարի հանդիպումը ՀՄԿ գլխավոր գործադիր տնօրեն դեսպան Ջոն Դանիլովիչի հետ:

Զրույցի ընթացքում` անդրադառնալով հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության խնդրին, ՀՀ վարչապետը բարձր է գնահատել «Հազարամյակի մարտահրավեր» ամերիկյան ծրագրում Հայաստանի ընդգրկումը, որն առավելապես ուղղված է տնտեսական զարգացման խթանմանն ու գյուղական շրջաններում աղքատության կրճատմանը:

Դեսպան Դանիլովիչը խոսել է նոյեմբերին կայանալիք Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի կառավարման խորհրդի նիստի մասին, որտեղ քննարկվելու է մասնակից երկրների տարեկան կատարողականները՝ նշելով, որ ըստ նախնական զեկույցի, գրասենյակը դրական է գնահատում Հայաստանի 2007 թվականի կատարողականը: ՀՀ վարչապետը նկատել է, որ ըստ Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի երկրների զարգացման 2007թ. դասակարգման, Հայաստանն անցել է «ցածր եկամտի երկրից» դեպի «միջին եկամտի երկիր», ինչը Հայաստանին առավել ակտիվ ու հետևողական աշխատանքի է մղում: Նա հավելել է, որ 2008 թվականի պետական բյուջեի նախագծում Հայաստանի կառավարությունը հավակնոտ նպատակադրումներ է ամրագրել, ինչի ուղղությամբ կատարվող աշխատանքներն իրենց դրական ազդեցությունը կունենան նաև ՀՄԿ ցուցանիշների վրա:

Ջոն Դանիլովիչը նշել է, որ «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի առաքելությունը ոչ թե նորանոր երկրներ ընդգրկելն է, այլ արդեն իսկ ընտրված երկրների խնդիրների վրա կենտրոնանալը: Այս տեսանկյունից նա կարևորել է իրականացվող ծրագրին զուգահեռ Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի երկրորդ ծրագրի հնարավորության շուրջ աշխատանքը: Դեսպան Դանիլովիչը նկատել է, որ ԱՄՆ կոնգրեսը բավական դրական է տրամադրված օրենսդրական փոփոխություն կատարելու հարցում, որը թույլ կտար անդամ երկրներին օգտվել այդ հնարավորությունից: ՀՀ վարչապետն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու նշված գործընթացին:

Օրվա երկրորդ կեսին Սպիտակ տանը կայացել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հանդիպումը ԱՄՆ փոխնախագահ Ռիչարդ Չեյնիի հետ, որի ընթացքում քննարկվել է հայ-ամերիկյան հարաբերությունների լայն շրջանակ:

Զրույցի ընթացքում, նշելով, որ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, ՀՀ վարչապետն ընդգծել է այդ հարաբերությունները շարունակելու և խորացնելու մեր երկրի պատրաստակամությունը, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանի անկախացումից ի վեր ԱՄՆ-ի ցուցաբերած քաղաքական և տնտեսական օժանդակության համար: Անդրադառնալով Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին` վարչապետը նշել է, որ ՀՀ իշխանությունները վճռական են ժամանակակից ժողովրդավարական պետություն կառուցելու հարցում: Փոխնախագահ Ռիչարդ Չեյնին մեկ անգամ ևս շեշտել է ԱՄՆ պատրաստակամությունը շարունակելու աջակցել Հայաստանին այդ բարեփոխումների գործընթացում:

Նախատեսվածից ավելի երկար տևած հանդիպման ընթացքում կողմերը հանգամանալից քննարկել են Մերձավոր արևելքում տեղի ունեցող քաղաքական գործընթացները, անդրադարձել են նաև ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման և Հայաստան-Թուրքիա հարաբերություններին: Ներկայացնելով Հայաստանի դիրքորոշումն այդ հարցերի վերաբերյալ` վարչապետ Սերժ Սարգսյանը նշել է, որ չնայած Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը մնում է ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում, սակայն մեր երկիրը պատրաստ է գործնական քայլերի դիմել` առանց նախապայմանների Թուրքիայի հետ իր հարաբերությունները կարգավորելու համար: Խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի մասին, Հայաստանի կառավարության ղեկավարը մեկ անգամ ևս նշել է, որ Հայաստանը հավատարիմ է մնում փոխզիջումների միջոցով ԼՂ հիմնահարցի խաղաղ և արագ կարգավորման իր դիրքորոշմանը: Նա հույս է հայտնել, որ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունները, ի վերջո, կհանգեցնեն դրական արդյունքի: Փոխնախագահ Չեյնին վերահաստատել է ԱՄՆ շահագրգռվածությունը հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման, ինչպես նաև ԼՂՀ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացների աջակիցը լինելու հարցում:

Ռիչարդ Չեյնին բարձր է գնահատել ամերիկյան հայ համայնքի դերը և ողջունել է փաստը, որ ՀՀ վարչապետն իր ամերիկյան այցի ընթացքում մի շարք հանդիպումներ է նշանակել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 18-ի երեկոյան Վաշինգտոնից մեկնել է Լոս Անջելես, որտեղ հաջորդ օրը նախատեսվում են Հայաստանի կառավարության ղեկավարի հանդիպումները «Լոս Անջելես Թայմս» խմբագրային խորհրդի, Լինսի հիմնադրամի, ինչպես նաև ամերիկահայ համայնքի ղեկավարների հետ:

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ