ուրբաթ, 22 փետրվարի 2002
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Հայաստանում Լատվիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Այվարս Վովերսին: Անդրանիկ Մարգարյանը շնորհավորեց դեսպանին՝ նշանակման և հավատարմագրերը հանձնելու առիթով և հույս հայտնեց, որ մեր երկրում Լատվիայի առաջին դեսպանը լինելով, պրն Վովերսն իր գործունեության ընթացքում հնարավորինս կխթանի Հայաստանի և Լատվիայի միջև սկսված քաղաքական ակտիվ երկխոսությունը, որն իր հերթին կաշխուժացնի գործակցությունը տնտեսության և մյուս բնագավառներում: Վարչապետը կարևորեց հատկապես բանկային, ագրոպարենային, արդյունաբերության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցությունը, որտեղ Լատվիան զգալի փորձ և ներուժ ունի: Ընդգծելով անցած տարի Լատվիայի արտգործնախարարի հետ ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների, այդ թվում՝ գործարար համաժողովների, հայկական և լատվիական ընկերությունների արտադրանքի ցուցահանդես վաճառքների, գործարարների փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը, Անդրանիկ Մարգարյանը նշեց, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է դրանց իրագործման ուղղությամբ գործնական քայլեր կատարել:
Դեսպան Այվարս Վովերսը նույնը հավաստիացնելով իր երկրի գործադիր իշխանության կողմից, նշեց, որ իբրև դեսպան, այսուհետ իր բոլոր ջանքերը կուղղի այդ նպատակին:
Հանդիպման ընթացքում կարևորվեցին երկու երկրների միջև իրավական անհրաժեշտ դաշտի ձևավորման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը շարունակելու և զարգացնելու խնդիրները: