երեքշաբթի, 23 հոկտեմբերի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը և նրա գլխավորած պաշտոնական պատվիրակությունը Վաշինգտոնում հոկտեմբերի 22-ին մասնակցել են Համաշխարհային Բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան համաժողովի նստաշրջանին:
Այնուհետև տեղի է ունեցել վարչապետ Սերժ Սարգսյանի հանդիպումը ՀՅԴ Բյուրոյի անդամ Կարո Արմենյանի հետ, որի ընթացքում քննարկված երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շարքում անդրադարձ է եղել նաև ամերիկահայ կազմակերպությունների գործունեությանը:
Նույն օրը ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի նախագահ Քեն Ուոլաքի հետ: Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը ներկայացրել է ՀՀ ընտրական գործընթացների բարելավման առաջընթացը շարունակելու և քաղաքական դաշտը կատարելագործելու ուղղությամբ ՀՀ իշխանությունների ջանքերը, ՀՀ Կառավարության ծրագրերը` տնտեսական աճի և բարեփոխումների ապահովման հարցերում:
Հոկտեմբերի 22-ին ԱՄՆ Կոնգրեսի գլխավոր մասնաշենքում՝ Կապիտոլիում, ՀՀ վարչապետը հանդիպել է Սենատի մեծամասնության ղեկավար, սենատոր Հարրի Ռիդի և դեմոկրատական խմբակցության համակարգող սենատոր Ռիչարդ Դերբինի հետ: Ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում կողմերն արձանագրել են հայ-ամերիկյան հարաբերությունների բարձր մակարդակը, քննարկել դրանց հետագա զարգացման հիմնական ուղղությունները: Սենատոր Ռիդը վարչապետ Սերժ Սարգսյանին է ներկայացրել ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի քննարկման ընթացքը, այդ հարցում ԱՄՆ օրենսդիր մարմնի դիրքորոշումը: ՀՀ վարչապետը, Հայաստանի իշխանությունների և ժողովրդի անունից, շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Կոնգրեսին՝ անկախությունից ի վեր Հայաստանին ցուցաբերած օժանդակության և Հայաստանի խնդիրների նկատմամբ մշտական ուշադրության համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր:
Օրվա վերջում վարչապետ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Ասոշիեյթեդ Փրես» լրատվական գործակալության թղթակցին, որում, մասնավորապես, անդրադարձել է հայ-ամերիկյան համագործակցությանը քաղաքական, տնտեսական և անվտանգության հարցերում, ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա ընթացքը, Հայաստանի հարաբերությունները հարևան պետությունների հետ, խոսել տարածաշրջանային անվտանգության հարցերի և հակաահաբեկչական կոալիցիայում ՀՀ մասնակցության մասին:
Հոկտեմբերի 23-ին` ԱՄՆ այցի վերջին օրը, ՀՀ վարչապետն ԱՄՆ պետդեպարտամենտում առանձնազրույց կունենա Միացյալ Նահանգների պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի և պետքարտուղարի տեղակալ Ռուբեն Ջեֆերիի հետ, կմասնակցի հայ-ամերիկյան աշխատանքային խմբի նիստին և Վաշինգտոնում ՀՀ դեսպանատանը կազմակերպված ընդունելությանը մասնակցելուց հետո, կմեկնի Փարիզ: