հինգշաբթի, 25 հոկտեմբերի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 24-ին Վաշինգտոնից ժամանել է Ֆրանսիա, որտեղ սկսվել է ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնական այցն այդ երկիր: Այցի առաջին օրը Փարիզում Ֆրանսիայի Սենատի և Ազգային Ժողովի անդամների, քաղաքապետների, ֆրանսահայ գլխավոր կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ երեկոյան տեղի է ունեցել մեծ ընդունելություն ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի պատվին: Բավականին ներկայացուցչական այդ հավաքույթի ժամանակ վարչապետը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում, մասնավորապես, ասել է.
«Սրբազան հայրեր,
Հարգելի պարոն նախարար,
Հարգելի սենատորներ և պատգամավորներ,
Հարգելի դեսպաններ,
Հարգելի քաղաքապետներ և քաղաքային խորհրդի անդամներ,
Ֆրանսիայի հայկական հաստատությունների հարգելի ղեկավարներ,
Տիկնայք և պարոնայք,
Ուրախ եմ ձեզ հետ հանդիպելու համար և շատ գոհ եմ, որ այսպիսի բազմությամբ հավաքվել եք այս երեկոյին: Դա վկայում է ձեր հավատարմությունը հայ-ֆրանսիական բարեկամությանը: Ձեզնից շատերին Հայաստանում շատ լավ են ճանաչում և հարգում որպես այդ բարեկամության այսօրվա կերտողների, ինչի կապակցությամբ ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել ձեզ: Մենք անձամբ բազմաթիվ առիթներ ենք ունեցել Հայաստանում և այստեղ՝ Ֆրանսիայում ձեզ հետ միասին զրուցելու մեր ներկայի և ապագայի մասին: Այսօր ես գտնվում եմ այստեղ ձեր երկրի բարձր ղեկավարության հետ քննարկելու հայ-ֆրանսիական օրակարգի կարևոր հարցերը և մեր համագործակցության հեռանկարները, և վստահ եմ, որ մեր հանդիպումները, ինչպես միշտ, կընթանան փոխըմբռնման մթնոլորտում:
Իմ այս վստահությունը պատահական չէ, այն հիմնված է ինչպես մեր անցյալ, այնպես էլ հատկապես ներկա ջերմ և սերտ կապերի վրա, որոնք առանց վարանելու մենք բնորոշում ենք որպես առանձնաշնորհյալ: Մեր երկրների բարձր ղեկավարության միջև հաստատված փոխըմբռնումը և սերտ ու հաճախակի շփումներն արդեն դարձել են ավանդական: Իսկապես տարի չի անցնում, որ մեր նախագահները մի քանի անգամ չհանդիպեն միմյանց: Էլ չեմ խոսում կառավարության անդամների, խորհրդարանականների, տեղական իշխանությունների ներկայացուցիչների փոխայցելությունների մասին, որոնք բազմաթիվ են: Հավատացնում եմ, որ այս մակարդակով և այս ծավալի համագործակցությունը եզակիներից է ոչ միայն եվրոպական երկրների առումով:
Հանձինս Ֆրանսիայի մենք Եվրոպայում ունենք մեր հավատարիմ գործընկերը, որն անվերապահորեն աջակցում է եվրոպական կառույցներում Հայաստանի հետևողական ընդգրկմանը: Այս առումով մենք բարձր ենք գնահատում հատկապես ԵՄ Հարևանության քաղաքականության շրջանակներում Ֆրանսիայի կարևոր աջակցությունը:
Ֆրանսիան անկեղծորեն շահագրգռված է Հարավային Կովկասում լարվածության թուլացման և կայունության հաստատման մեջ և կառուցողական ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ: Դուք բոլորդ գիտեք Ֆրանսիայի օգտակար ներառվածությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրների՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում:
Ֆրանսիայի հետ այսօր մենք հաջողությամբ համագործակցում ենք ամենաբազմազան ոլորտներում: Այսօր Հայաստանում ֆրանսիական կապիտալով գործում են 120 ձեռնարկություններ: Այս թիվը տպավորիչ է, հատկապես որ դրանց մեջ առկա են համաշխարհային հեղինակության անուններ՝ «Ալկատել», «Վեոլիա», «Սոր», «Կրեդի Ագրիկոլ», «Էր Ֆրանս», «Պեռնո Ռիկար» և այլն: Պատրաստվում են մեր երկիր մուտք գործել «Սանոֆի-Ավենտիսը», «Սոսիետե Ժեներալը»:
Մեր կառավարությունը մեծ կարևորություն է տալիս մշակութային, գիտական և կրթական փոխանակումներին և խրախուսում այս ոլորտներում համատեղ ծրագրերը: Ֆրանսասիրությունը և ֆրանսախոսությունը ավանդականորեն հատուկ են հայ հասարակությանը և այս առումով բնական եմ դիտում Երևանի ֆրանսիական համալսարանի հաջողությունը: Գիտեմ, որ հակառակ իր երիտասարդ տարիքին, այն Ֆրանսիայի տարածքից դուրս լավագույն ֆրանսիական համալսարաններից մեկն է աշխարհում: Այն նաև Հայաստանի լավագույն բարձրագույն կրթական հաստատություններից մեկն է, և իսկապես մենք գոհ ենք այս համատեղ ծրագրից:
Հեռանկարային և օգտակար համագործակցություն է ծավալվում ապակենտրոնացված մակարդակով: Հայաստանի և Ֆրանսիայի 25-ական քաղաքների և վարչական միավորների միջև այսօր հաստատված են եղբայրական կապեր: Եթե նրանցից յուրաքանչյուրը տարեկան իրականացնում է 2-3 ծրագիր, իսկ դա այդպես է, ընդհանուր թիվը դառնում է բավականին տպավորիչ: Եվ ես կրկին շնորհակալություն եմ հայտնում այստեղ ներկա քաղաքապետներին և քաղաքային ու շրջանային խորհրդի անդամներին, ինչպես նաև Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամներին, որոնք այս յուրօրինակ համագործակցության ճարտարապետներն են:
Հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման գործում անուրանալի է ֆրանսահայության դերը: Ֆրանսահայերը կենդանի կամուրջն են մեր երկրների ու ժողովուրդների միջև: Մենք իրավամբ հպարտանում ենք այն մեծ անուններով, որ ծագումով հայերը տվել են Ֆրանսիային: Մեր կառավարությունը բարձր է գնահատում նաև մարդասիրական, աողջապահության և կրթության ոլորտներում այն բազմաթիվ ծրագրերը, որ ֆրանսահայ կազմակերպություններն ու առանձին անհատներ իրականացնում են Հայաստանում: Եվ ես ուզում եմ այստեղ սրտանց շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր ներկայացնում են ֆրանսահայությունը՝ ի դեմս հոգևոր պետերի, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահի, հայկական հաստատությունների ղեկավարների, գործարարների, իրավաբանների, բժիշկների, մտավորականների և լրագրողների:
Ես կցանկանայի խոսել մի իրադարձության մասին, որն, անկասկած, մեր հարաբերությունների պատմության մեջ այլևս անշրջելի էջ է: Դա Ֆրանսիայում Հայաստանի տարին է, որը կարծես մեր հարուստ ու հնագույն կապերի, մեր այսօրվա լեցուն առօրյայի հանրագումարը դարձավ: Հայաստանի բարձրագույն իշխանությունները, Հայաստանի կառավարությունը ի սկզբանե շատ մեծ կարևորություն տվեցին այս իրադարձությանը: Ֆրանսիայում Հայաստանի տարվա այդ մեծ ծրագիրը հնարավոր եղավ իրականացնել մեր երկրների պետական, հասարակական և մշակութային բազմաթիվ հաստատությունների միացյալ ջանքերի, այդ գործին նվիրված մարդկանց անդուլ աշխատանքի շնորհիվ:
Բարձր գնահատելով Ֆրանսիայի քաղաքական ղեկավարության ցուցաբերած առանձնահատուկ ուշադրությունը Հայաստանի տարվա նկատմամբ՝ ուզում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել Ֆրանսիային, ձեր կառավարությանը, տեղական իշխանություններին, ձեր երկրի բոլոր այն հաստատություններին և անհատներին, որոնցից շատերը ներկա են այս երեկոյին, որոնց ջանքերի ու բարյացկամության շնորհիվ Հայաստանի տարին վերածվեց բարեկամության իսկական տոնի:
Համոզված եմ, որ Հայաստանի տարին վճռական խթան կհանդիսանա ոչ միայն մշակութային, այլև տնտեսական, կրթական և գիտական հարաճուն փոխանակումների, ինչպես նաև պարզապես մարդկային սերտ կապերի խորացման համար և առավել կամրապնդի մեր երկրների ու ժողովուրդների միջև ավանդական բարեկամությունը:
Այսօր ես լուրջ հիմքեր ունեմ պնդելու, որ մեր ժողովուրդների միջև փոխադարձ համակրանքի այս մթնոլորտը շարունակաբար խորանալու է նաև ապագայում: Այդ կապակցությամբ ինձ համար մի ուշագրավ դիտարկում եմ արել վերջերս: Առավոտյան աշխատանքի գնալիս հաճախ եմ նկատում փոքրիկ տղաների ու աղջիկների, ովքեր դպրոց են շտապում ուսած պայուսակներով, որոնց վրա գրված է` "Arme'nie-mon amie" («Արմենի մոն ամի»): Կարծում եմ` տվյալ պարագայում այդ երեք բառերի մեջ ամփոփված է հայ-ֆրանսիական հարաբերությունների ամբողջ ապագան` ի դեմս մեծ աշխարհն իրենց համար նոր-նոր բացահայտող այդ մանչուկների, ովքեր այդ տարիքից արդեն գիտեն ինչ բան է բարեկամ երկիր, բարեկամ ժողովուրդ, ինչ բան է Ֆրանսիա:
Ամփոփելով ելույթս, սիրելի բարեկամներ, կրկին ողջունում եմ ձեզ: Թո՛ղ խաղաղությունն ու բարեկեցությունն ուղեկցեն մեր ժողովուրդներին և թո՛ղ հարատևի հայ- ֆրանսիական բարեկամությունը:
Թո՛ղ Աստված պահապան լինի Ֆրանսիային, թո՛ղ Աստված պահապան լինի Հայաստանին և կեցցե՛ հայ-ֆրանսիական բարեկամությունը»:
Այսօր նախատեսվում է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի հետ: