երկուշաբթի, 29 հոկտեմբերի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) առաջին փոխնախագահ Վարել Ֆրիմենին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Գոհունակություն հայտնելով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ մեր երկրի համագործակցության ընթացքից` վարչապետը հույս է հայտնել, որ այդ արդյունավետ փոխգործակցությունն այսուհետ ևս հաջողությամբ կշարունակվի:
Վարել Ֆրիմենը ևս բարձր է գնահատել ինչպես ՀՀ կառավարության, այնպես էլ Հայաստանի մասնավոր հատվածի հետ ՎԶԵԲ-ի արդյունավետ գործակցությունը: Նա ընդգծել է, որ ՎԶԵԲ-ը ակտիվ դերակատարություն ունի Հայաստանում, որտեղ արդեն բանկի աշխատակազմը կրկնապատկվել է, իսկ գործառնությունների քանակը` անշեղորեն աճում է: Պարոն Ֆրիմենը գոհունակությամբ նշել է, որ այն բոլոր ոլորտները, որոնցում եվրոպական բանկը համագործակցում է մեր երկրի հետ` գործարար միջավայրի բարելավում, էներգետիկա, ֆինանսական հատված, բնապահպանություն և հանքարդյունաբերություն, հարկային և մաքսային բարեփոխումներ, նաև ՀՀ կառավարության համար են առաջնահերթություններ: Կարևորելով արդյունավետ գործարար միջավայրի ձևավորման, մասնավորապես, փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման գործում փորձառությունը, Ֆրիմենն ընդգծել է, որ ՎԶԵԲ-ը պատրաստ է այդ ոլորտում կուտակած իր փորձը փոխանցել նաև Հայաստանի կառավարությանը: Մանավանդ որ, ըստ նրա, ՀՀ վարչապետին առընթեր գործող Գործարարության աջակցման խորհուրդը ևս կարևոր օղակ է գործարարների հետ ուղղակի երկխոսության համար: Վարել Ֆրիմենը նշել է, որ եվրոպական բանկը լավ հնարավորություններ ունի նաև բնապահպանության և հանքարդյունաբերության ոլորտում Հայաստանին աջակցելու համար` հատկապես ոլորտի իրավական կանոնակարգման առումով: Նա ՀՀ վարչապետին հավաստիացրել է, որ եվրոպական բանկը կօգտագործի թե՛ իր, և թե՛ միջազգային դոնորներից ներգրավված միջոցները` մեր երկրի տեղական արդյունաբերողներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու, ֆինանսական, բանկային ոլորտում մրցակցության մեծացմանն օժանդակելու համար:
Կարևորելով եվրոպական բանկի հետ համագործակցության հետագա զարգացումը, վարչապետ Սերժ Սարգսյանը հավաստիացրել է, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է հաստատակամորեն ջանքեր գործադրել նշված բոլոր ուղղություններով ընթացող բարեփոխումների իրականացման նպատակով: Պարոն Ֆրիմենը, իր հերթին, նշել է, որ Հայաստանը զարգացման ճիշտ ուղղությամբ է ընթանում. «Մենք վստահությամբ ենք նայում մեր միասնական ապագային»,-ընդգծել է Եվրոբանկի առաջին փոխնախագահը:
Վարչապետ Սերժ Սարգսյանը ևս վստահություն է հայտնել, որ ՎԶԵԲ-ի հետ գործակցությունը այսուհետ էլ միմիայն դրական արդյունքներ կապահովի: