երեքշաբթի, 30 հոկտեմբերի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին` վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը մեծապես հետաքրքրված է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ամենատարբեր ոլորտներում, այդ թվում` ռազմական համագործակցության բնագավառում, երկկողմ և բազմակողմ հարաբերությունների խորացմամբ: Ըստ վարչապետի, այդ փոխգործակցությունը միանգամայն բխում է մեր ազգային շահերից, և ՀՀ կառավարությունն այսուհետ ևս անելու է հնարավորը` այն ավելի ընդլայնելու և զարգացնելու համար:
ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը, ելնելով պաշտոնական այցի շրջանակներում տեղի ունեցած հանդիպումների արդյունավետությունից, համոզվածություն է հայտնել, որ այն նոր խթան կհանդիսանա և կնպաստի հայ-ռուսական ռազմական փոխգործակցության առավել խորացմանը:
Հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետը և ՌԴ պաշտպանության նախարարը քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդմանն ու այդ համատեքստում` առկա մարտահրավերներին վերաբերող հարցեր: