չորեքշաբթի, 31 հոկտեմբերի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսին:
Շնորհավորելով պարոն Կապինոսին նշանակման կապակցությամբ` վարչապետը վստահություն է հայտնել, որ նրա գործունեության շրջանում ևս ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ ՀՀ կառավարության արդյունավետ համագործակցությունը կշարունակվի և ընդգծել է ՀՀ կառավարության պատրաստակամությունն այդ գործակցությունը զարգացնելու հարցում:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը նշել է, թե իր խնդիրը Հայաստանում պետական և հասարակական հաստատությունների հետ ԵԱՀԿ գրասենյակի արդեն ձևավորված ու լավ ավանդույթներ ունեցող սերտ համագործակցությունը շարունակելն ու ընթացիկ ծրագրերն ավարտելուց հետո, 2008թ.-ի մարտից վերոնշյալ հաստատությունների հետ ակտիվ երկխոսության և քննարկումների արդյունքում, փոխգործակցության նոր ծրագրերի մշակումն է: Ըստ դեսպան Կապինոսի, համագործակցության հնարավոր ուղղությունները շատ են` բնապահպանություն, սոցիալական բնագավառ, ոստիկանության բարեփոխումներին աջակցություն, մարզային զարգացման ծրագրեր, մարդու իրավունքների պաշտպանություն, արագ արձագանքման համակարգի ստեղծմանն աջակցություն և այլն: Հայաստանում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից իրականացված և ԵԱՀԿ անդամ երկրներում մեծ արձագանք գտած ծրագրերից մեկի` հրթիռային վառելիքի վերամշակման «Մելանժ» ծրագրի օրինակով, Սերգեյ Կապինոսի հավաստմամբ, հնարավոր է 2008թ. ևս այդօրինակ խոշոր և արդյունավետ ծրագրերի նախատեսումն ու իրագործումը:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարն առանձնապես կարևորել է տարածաշրջանային ծրագրերի իրականացման ուղղությամբ աշխատանքը, ընդգծելով, որ սկզբնական շրջանում փոխշահավետ այնպիսի նախագծերի իրագործումը` ինչպիսիք հնարավոր են, օրինակ, ջրօգտագործման, հանքարդյունաբերության ու բնապահպանության ոլորտներում, կարող են տարածաշրջանի երկրների միջև համագործակցության սկիզբ դնել, այդպիսով նաև վստահության որոշակի հիմք ստեղծել ու նպաստել առկա հակամարտությունների կարգավորմանը: Վարչապետ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը մշտապես կարևորել և հանդես է եկել նման առաջարկությամբ ու այժմ էլ վերահաստատում է փոխշահավետ ծրագրերի շուրջ տարածաշրջանային համագործակցության պատրաստակամությունը:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին` Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ ընդգծել է Հայաստանի դիրքորոշումը, ըստ որի հակամարտության կարգավորման առավել արդյունավետ ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ընթացող բանակցություններն են: Վարչապետը նշել է, թե Հայաստանի Հանրապետությունը սատարում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի միջև փոխվստահության միջոցների ստեղծմանն ու ամրապնդմանը, այդ նպատակին ուղղված քայլերը` համոզված լինելով, որ դա կնպաստի խաղաղության հաստատման ջանքերին:
Հանդիպման ավարտին վարչապետը հաջողություն է մաղթել դեսպան Սերգեյ Կապինոսին` ԵԱՀԿ երևանյան գրասենյակը ղեկավարելու նրա գործունեության ամբողջ ընթացքում: