չորեքշաբթի, 31 հոկտեմբերի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Անդրեա Յոանա-Մարիա Վիկտորինին:
Մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունը մոտ երեք ամիս առաջ սկսած դեսպանը նշել է, թե Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունների ներկայիս մակարդակը վկայում է երկու երկրների համագործակցության հետագա զարգացման լայն հեռանկարների մասին: Նա պատրաստակամություն է հայտնել, ՀՀ կառավարության հետ սերտ համագործակցելով, իր գործունեության շրջանում անել հնարավորը` հայ-գերմանական հարաբերություններն առավել խորացնելու և համագործակցությունը տարեցտարի ավելի ընդլայնելու համար: ՀՀ վարչապետն այդ գործում հաջողություններ է մաղթել դիվանագետին և շեշտել, որ ՀՀ կառավարությունը ևս շահագրգիռ է ինչպես եվրաինտեգրման շրջանակներում, այնպես էլ երկկողմ մակարդակով Գերմանիայի հետ համագործակցության զարգացման հարցում:
Սերժ Սարգսյանը շնորհակալությամբ է նշել Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) ծրագրում Հայաստանի ընդգրկման գործում Գերմանիայի շահագրգիռ աջակցության մասին, ընդգծելով, որ Հայաստանը Գերմանիան դիտարկում է իբրև ԵՀՔ-ի իր կարևորագույն գործընկերներից մեկը: ՀՀ կառավարության ղեկավարը վստահություն է հայտնել, որ դեռևս անցյալ տարի ԵՄ-Հայաստան Գործողությունների ծրագրի ընդունումից հետո, Գերմանիան, իբրև ԵՄ առաջատար երկիր, կարող է նշանակալից ավանդ ունենալ նաև այդ ծրագրի իրականացման փուլում: Գերմանիայի դեսպանն այդ կապակցությամբ նշել է, որ իր երկիրը եղել է հիշյալ ծրագրերում Հայաստանի ներգրավման ամենաակնառու ջատագովներից և այսուհետ էլ անելու է հնարավորը` եվրաինտեգրման ճանապարհին Հայաստանին աջակցելու համար:
Տիկին Անդրեա Յոանա-Մարիա Վիկտորինն իր երկրի անունից պատրաստակամություն է հայտնել Հայաստանին աջակցելու նաև առաջիկա նախագահական ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու գործում, գոհունակությամբ նշելով անցած խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելությունների կողմից տրված բարձր գնահատականը, ինչը, ըստ նրա, լավ հիմք է առաջիկա ընտրությունները հաջողությամբ անցկացնելու համար: